փախչեմ իմ պարտականությունից։ Այն վեհ գործից, որ այնքան զոհեր է տարել և դեռ պահանջում է...
ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Ուրախության նշաններ անելով): Ճիշտ է. ճիշտ
է, տառապյալ ժողովրդի սուրբ գործից։
ԿԱՏԱՐԻՆԵ. Ի՞նչ պատահեց քեզ, որդի, ո՞վ քեզ վիրավորեց, որ այդպես բարկանում ես։ (Հանդարտ լալիս է):
ԱՆԱՀԻՏ. (Մի կողմ քաշված, նայում է մերթ եղբորը և մերթ հորը, որին նկատել է միայն ինքը): Մայրի՜կ։
ԱՐՏԱՇԵՍ. Լաց, արտասուք, միշտ միևնույն զենքը հոգիները թուլացնելու համար: Ահա ինչու՜ ես չէի ուզում գալ այստեղ։ Մայր, հերիք է, ի՞նչ կա, կերթամ, էլի մի օր կգամ։ Ի՞նչ կարիք կա լաց լինելու։ Դե, հերիք է ասում եմ, ա՜խ, մի աշխատիր գլխիցս վռնդել գաղափարներ, որոնք այնտեղ հաստատվել են առմիշտ։ Բավական է։ Շիկացած երկաթը դժվար է արցունքներով սառցնել: Մայր, թող, որ իմ ուխտը հաստատ մնա, իմ երդումն անխախտ։ Մի անգամ, որ պարտականությունը կանչել է ինձ, պետք է գնամ, պետք է գնամ, պետք է գնամ։ Բավական է, ասում եմ։ Դե լավ, լաց եղիր որքան կամենաս, եթե հեղեղ անգամ դառնա քո արցունքը, չի կարող իմ ճանապարհը կապել։ (Գնում է ձախ կողմի դռներով):
ՏԵՍԻԼ 4
ՆՈԻՅՆՔ առանց ԱՐՏԱՇԵՍԻ
ՍԵՆԵՔԵՐԻՄ․ (Առաջ է գալիս ոգևորված): Որդին իմն է, իմը։ Իմ ցանածը ծլել է, ծաղկել և պտուղներ է տալիս։ (Դառնալով դեպի այն դուռը, որով Արտաշեսը գնաց)։ Օրհնվի քո եկած ճանապարհը, ավելի օրհնվի այն ճանապարհը, որով պիտի գնաս։ (Դառնալով կնոջն ու աղջկան): Ի՞նչ եք մայր ու աղջիկ քարացած մնացել։ Չլսեցի՞ք նրա խոսքերը։ Այդ ոսկի խոսքերը պիտի դրոշմված լինեն յուրաքանչյուր հայ երիտասարդի սրտում։ Անահիտ, չե՞ս հպարտանում քո եղբորով։ Ինչ որ հայրդ քարոզել է խոսքով ու գրչով, նա ուզում է կատարել գործով։ Կին, տեսնո՞ւմ ես ինչ որդի ունիս։ «Շիկացած երկաթը դժվար է