Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/42

Այս էջը հաստատված է

ՄԻՔԱՅԵԼ. (Մեկուսի) նա շփոթվեց, այժմ պետք է ուրիշ կերպ խոսել։ (Գարեգինին) Կամենում եմ փարատել նրա կասկածը իմ մասին և խնդրել, որ հաշտվի ինձ հետ։ Թողնենք ապարդյուն վեճը, լինենք սառն ու խոհեմ, ինչպես վայել է կրթված մարդկանց։ Ի՞նչ է ձեր մտադրությունը, արդյոք մեր ընտանեկան թեթև տհաճությունները հասարակաց բամբասանքի նյո՞ւթ դարձնել։ Հավատացեք, այդ վատ բան է։ Ես չեմ պնդում, որ բոլորովին անմեղ եմ Հեղինեի առաջ։ Բայց իմ թեթև սխալները բնավ մարդկանց սովորական մոլորությունից դեն չեն անցել։ Ուրեմն ինչո՞ւ գործը այդպես փքել և մեծացնել, ինչո՞ւ փոխանակ մեզ հաշտեցնելու, ավելի սաստկացնում եք խռովությունը։ Գարեգի՛ն, խոհեմ եղեք, ձեր քույրը մայր է, եթե դուք հերքեք նրա ամուսնական սերը, չեք կարող երաշխավոր լինել նրա մայրական սիրո մասին։

ԳԱՐԵԳԻՆ․ Օօ՜, դուք, ինչպես երևում է, շատ լավ եք ուսումնասիրել կանանց սրտի զգայուն լարերը։ Այո, իմ քրոջ սրտի մասին ունեցած կասկածս է միայն, որ կաշկանդում է իմ լեզուն, ապա թե ոչ, գիտեի, թե ինչ է հարկավոր ձեզ պատասխանել։ Ես կկանչեմ Հեղինեին այստեղ, սակայն ձեր հաշտության միջնորդը դառնալ չեմ կարող։ (Գնում է ձախ դռներով):

ՏԵՍԻԼ․ Զ․

 

ՄԻՔԱՅԵԼ (միայնակ)


ՄԻՔԱՅԵԼ. Ո՜հ, լեզո՛ւ, դու զորավոր զենք ես ճարպիկ մարդու ձեռքում։ Խելոք է նա, որ ընդունակ է քեզ ժամանակին հմտությամբ գործածել։ Այլևս կասկած չունեմ, որ հաշտությունը կկայանա։ Հեղինեին համոզելը դժվար չէ, նա ինձ սիրում է, ես այդ բանին համոզված եմ մինչև գերեզման։ Իսկ ես առանց նրան կորած եմ։ Գործերս ձախ են գնում. միակ հույսս Բաքվի ընկերության մեջ ունեցած բաժինն էր։ Եվ մինչև այժմ ընկերությունը ինձանից միայն փող է պահանջում նավթային հանքերի