Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/420

Այս էջը հաստատված է

արցունքով սառցնել։ Եվ դու այդ խոսքերից հետո դարձյա՞լ լաց ես լինում: Հիմար ես, հիմար, ուրիշ ոչինչ։ Որդիդ որոշել է ծառայել մայրենի ժողովրդին, և դու լա՞ց ես լինում։ Աա՞, ի՞նչ կասես, Անահիտ, ինչո՞ւ ես լռում։

ԱՆԱՀԻՏ. (Մտազբաղ): Հայրիկ, ես աշխատում եմ հասկանալ Արտաշեսի մտքերը:
ՍԵՆԵՔԵՐԻՄ. Հասկանալ, հը, ի՞նչ անհասկանալի բան ասաց նա։ Նա հիշեցրեց իմ երիտասարդությունը, երբ մի այսպիսի օր հորս հետ կռվեցի և տնից փախա։ Նա ինձ նոր կյանք ներշնչեց։ Ա՜հ, ինչ սխալված եմ եղել ես, կարծելով, թե Ռուսաստանը հայ երիտասարդների մեջ սպանում է ազգային զգացումը։
ԿԱՏԱՐԻՆԵ․ (Աչքերը սրբել է և կատաղի նայում է Սենեքերիմին): Հերիք է, խելագար, հերիք է։
ՍԵՆԵՔԵՐԻՄ. Ա՛հ, ո՛չ հերիք չէ։ Մարդու կյանքում այսպիսի երջանիկ օրեր հազիվ են պատահում։ Խելագար եմ, այո՛, գիտեմ, ոգևորված եմ։ Ինչ անենք, մայրս ինձ այսպես է ծնել։ Բայց դու ինձ նախանձում ես, Կատարինե, այդ պարզ է։ Որովհետև Արտաշեսն իմն է և ո՛չ քոնը: Որովհետև առյուծը չի ուզում քո թևերի տակ ապրիլ։ Ողորմելի, ի՞նչ էիր սպասում, որ նա վաղվանից սկսի լրագրներում հայտարարել՝ այսինչ բժիշկն ընդունում է այսինչ ժամերի՞ն. եկե՛ք, եկե՛ք, ռուբլիներ բերեք, որ ձեզ իվերին Երուսաղեմ ուղարկի։ Դու պահանջում էիր, որ նա դառնա մեկն այն եսամոլներից, որոնց դեմ ես այնքան կռվել եմ։ Հա, հա, հա, գիտեմ, դու նրա համար մինչև անգամ հարսնացու էլ ես պատրաստել։ Ինչո՞ւ չէ, Ֆլորաս սիրուն աղջիկ է․ համակրելի, պարկեշտ, հարուստ, օօ՜, մանավանդ հարուստ։ Բայց չեղավ, դա չեղավ, նետդ քարին դիպավ։ Արծիվը չի ուզում աղավնի դառնալ և յուր բունը հաստատել քո կտուրի տակ։ Նա թռչում է հեռու, հեռու, բարձր ու բարձր։ Եվ ես ուրախ եմ, օօ, անսահման ուրախ։
ԿԱՏԱՐԻՆԵ. Անսիրտ, անհոգի, անխելք, բավական է փրփրես, ինձ էլ լսիր. որդիդ ձեռքիցդ գնում է։
ՍԵՆԵՔԵՐԻՄ․ (Տակավին, ոգևորված): Աա, իհարկե, գնում է․