Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/421

Այս էջը հաստատված է

բայց ո՞ւր, հասկանո՞ւմ ես, արդյոք։ Նա գնում է մի տառապյալ ժողովրդի գիրկը, ուր գնում են նրա ընկերները։ Նա ուխտ ունի, չլսեցի՞ր, երդում։ Հասկանում եմ․ նա բժիշկ է, իսկ այնտեղ բժիշկների մեծ կարիք կա, ես հարյուր անգամ գրել եմ այս մասին։

ՆԱԶԱՆԻ. (Դուրս է գալիս ձախ կողմի դռներից երկայն ավելը ձեռքին և գնում է դեպի խորքի դռները):
ՍԵՆԵՔԵՐԻՄ․ Գնա խոհանոց, Նազանի, ես գնել եմ ամեն բան։ Բոլոր շնորհքդ գործ դիր և ամենաընտիր կերակուրները պատրաստիր։ Այսօր Սենեքերիմ Սահառունին տոնախմբություն ունի։
ՆԱԶԱՆԻ. Աչքիս վրա։ (Գնում է խորքի դռներով):
ԿԱՏԱՐԻՆԵ. Լսի՛ր, գիժ, լսի՛ր, հարբած առանց խմելու, եթե քո գլխի վրա աստված ու կրծքի տակ խիղճ կա, մի՛ կործանիր իմ որդուն։ Նա իմ միակ հույսն է, չունիմ ուրիշը․ պահիր նրան այստեղ, մի թողնիր գնալու, ապա
թե ոչ կփոշմանես, շատ կփոշմանես։ (Արագ քայլերով գնում է խորքի դռներով):
ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Ետևից նայելով): Լսո՞ւմ ես, Անահիտ։ Նա ինձ փոքրացրել է, ուզում է որդուս էլ փոքրացնել։ Բայց հույսով եմ, որ այդ չի հաջողիլ։ Աա, տրամադրությունից պիտի օգտվել։ Իսկույն պետք է գրել մի հոդված «Շիկացրած երկաթ» վերնագրով։ (Մոտենում է գրասեղանին):
ԱՆԱՀԻՏ․ Բայց, հայրիկ, ինձ թվում է, որ դու Արտաշեսի ասածները սխալ հասկացար։

ՏԵՍԻԼ 5

ՍԵՆԵՔԵՐԻՄ, ԱՆԱՀԻՏ, ՖԼՈՐԱ հետո ԿԱՏԱՐԻՆԵ

ՖԼՈՐԱ. (Գալիս է խորքի դռներից: Սիրուն, վայելչակագմ օրիորդ է, կիրթ ու կենդանի ձևերով, որ զերծ են կոկետությունից: Հագնված է համեստ, պարզ, նամակով: Ձեռքին ունի մի գեղեցիկ քսակ)։ Այ քեզ նորություն։ Արտաշեսը եկել է։ Ես այդ չգիտեի։ Նազանին ասաց: Շնորհավորում եմ, սիրելիս։ (Համբուրվում է Անահիտի հետ)։ Պարոն