Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/423

Այս էջը հաստատված է

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Թերթերը քրքրելով): Բաս ո՞ւր է իմ «Բարոյական լիլիպուտներ» անունով հոդվածը։ Ահա՛ գտա։ (Պենսնեն դնելով սկսում է կարդալ):

ԱՆԱՀԻՏ. Հայրիկ, մենք քեզ խանգարո՜ւմ ենք։ Գնանք իմ սենյակը, Ֆլորա։
ՍԵՆԵՔԵՐԻՄ. Ո՛չ, ոչ, մնացեք այստեղ։ Ես չեմ պարապում, այլ այնպես։ Ինձ հաճելի է ձեզ լսել։
ՖԼՈՐԱ. Ասա է՜, Անահիտ, շա՞տ ես ուրախ։ Իհարկե, մի հատիկ եղբայր ունենալ, հինգ տարի չտեսնել և հանկարծ մի օր տեսնել։ Ես եղբայր չունիմ, բայց զգում եմ ինչ ասել է քրոջ սեր։
ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Ձեռագիրը գրչով ուղղելով): Դու էլ ունեիր, Ֆլորա, դու էլ ունեիր եղբայր։ Երեք տարեկան էիր, երբ նա մեռավ բկացավից։ Գավրիլը մի սիրուն տղա էր կապույտ աչքերով, գանգուր մազերով։
ՖԼՈՐԱ. Ես հիշում եմ նրան երազի պես։
ԱՆԱՀԻՏ․ Ես էլ։ Միտս է, նրա սպիտակ դագաղը դուրս տանելիս՝ հանգուցյալ մայրդ ուշաթափվեց։
ՍԵՆԵՔԵՐԻՄ․ Ճիշտ այնպես, ինչպես Ալեքսանդրը եկեղեցում ընկավ թևերիս վրա Օվսաննայի դագաղը դուրս տանելիս։ Ալեքսանդրը սիրում էր յուր կյանքի ընկերուհուն։ Օվսաննայի մահը նրա համար սոսկալի հարված եղավ։
ԱՆԱՀԻՏ. Հայրիկ, թողնենք այդ խոսակցությունը. Ֆլորան տխրում է։
ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Ետ նայելով): Աա՞, ի՞նչ, տխրո՞ւմ է։ Ես չեմ թողնիլ, արգելված է։ Այսօր մեր տանը տոնախմբություն է։
ԿԱՏԱՐԻՆԵ. (Գալիս է խորքի դռներից, հագստի թևերն ուղղելով): Ֆլորա՜։
ՖԼՈՐԱ. (Անմիջապես տխրությունն անցել է): Ահ, տիկին Կատարինե, աչքդ լույս, շնորհավորում եմ։ (Համբուրվում է)։ Վերջապես, ձեր փափագին հասաք։
ԿԱՏԱՐԻՆԵ. (Հառաչում է, բայց աշխատում է ուրախ ձևանալ): Այո, սիրելիս, հասա... գլխարկդ վերցրու, նստիր։ Այսօր դու մեզ մոտ ես ճաշում։ Արտաշեսի ընկերները պիտի գան։