ՆՈՅԵՄԶԱՐ-. Վարժուհությունը համակրելի արհեստ է, բայց մարդու ներվերը քայքայում է։
ՀՐԱՆՏ-. (Անուշադիր թողնելով Սենեքերիմին): Նոյեմզարն էլ երեք տարի, եթե կարելի է ասել, կրթել է մատաղ սերունդը։ Բայց այն օրից, երբ վերջապես, հասկացել է, թե հրդեհի ժամանակ ալելույա չեն երգում, թողել է և անցել մեր բանակը։
ՍԵՆԵՔԵՐԻՄ-. Ձեր բանակը։ Այդ ի՞նչ բանակ է։
ՀՐԱՆՏ-․ Արտաշեսը ձեզ կբացատրի։ Թյո՜ւ, ձեր ծխախոտը շատ թույլ է։ (Ձգում է հատակի վրա և ոտով հանգցնում):
ԿԱՏԱՐԻՆԵ-. (Հրանտին): Դուք ո՞րտեղ եք ավարտել ձեր ուսումը։
ՀՐԱՆՏ-․ Տարրականը բանտում, միջնակարգը աքսորում, իսկ բարձրագույնին դեռ չեմ արժանացել։
ԿԱՏԱՐԻՆԵ-. (Ապշած և սարսափած հեռանում է Հրանտից):
ՍԵՆԵՔԵՐԻՄ-. (Միամտաբար ծիծաղելով): Այդ լավ ասացիք։ Հուսով եմ, որ բարձրագույն ուսումն էլ կանցնեք հայրենիքի համար։
ՀՐԱՆՏ-. Մենք հայրենիք չունենք։
ՍԵՆԵՔԵՐԻՄ-. Ուզում եմ ասել հայ ազգի համար։
ՀՐԱՆՏ-. Մենք ազգ չենք ճանաչում։
ՍԵՆԵՔԵՐԻՄ-. (Ցնցվելով): Իա՛, ի՞նչպես թե ազգ չեք ճանաչում։ Ոտքի է կանգնում և, մի զարմացական հայացք ձգելով Հրանտի վրա ոտից մինչև գլուխ, հեռանում է):
ՆՈՅԵՄԶԱՐ-․ (Շարունակ Ֆլորայի և Անահիտի հետ խոսում է: Անահիտին): Ասում են հայ օրիորդները ծայրահեղ ազգասերներ են։ Դո՞ւք էլ։
ԱՆԱՀԻՏ-. (Դրական և կտրուկ): Այո՛ օրիորդ։
ՆՈՅԵՄԶԱՐ-․ Ինչո՞ւ այդպես խիստ եղանակով ասացիք։
ԱՆԱՀԻՏ-. Որովհետև պարծենում եմ դրանով։
ՆՈՅԵՄԶԱՐ-. (Հեգնորեն ժպտալով)։ Կեցցե՛ք։(Դառնալով Ֆլորային)։ Գուցե դո՞ւք էլ, օրիորդ։
ՖԼՈՐԱ-. Չգիտեմ, այդ մասին դեռ չեմ մտածել։
ՆՈՅԵՄԶԱՐ-. Մեր Ժամանակում դեռ չե՞ք մտածել։ Հետաքրքրական է։