Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/43

Այս էջը հաստատված է

համար։ Ինձ փող է հարկավոր, փող գործի համար, փող ապրելու և զվարճանալու համար: Իսկ նա դեռ բավական գումար ունի։ Ամուսնությո՞ւն, ընտանեկան կյանք, ահա նրա պտուղները։ Օհ, տաղտկալի է և անտանելի։ (Ներս է մտնում Հեղինեն, նրա հետևից Հոռոմը և ապա Գարեգինը: Վերջինը կանգնում է հեռու և դիտում):


ՏԵՍԻԼ է.


ՄԻՔԱՅԵԼ, ՀԵՂԻՆԵ, ՀՈՌՈՄ և ԳԱՐԵԳԻՆ


ՀԵՂԻՆԵ. Ի՞նչ եք կամենում։
ՄԻՔԱՅԵԼ․ Հեղինե՛, մեղավոր եմ, զգում եմ և զղջում: Բարեսի՛րտ եղիր, մոռացի՛ր, ների՛ր։
ՀԵՂԻՆԵ․ Այդ խոսքերը ասելու համար կարիք չկար այստեղ գալու, դուք այն հարյուր անգամ կրկնել եք: Օ՜հ, որքան ձանձրալի է, դառն և ամոթալի այդ կատակը:
ՄԻՔԱՅԵԼ․ Երբեք, երբեք այսպես զղջացած չեմ։ Տե՛ս որքա՜ն ստորանում եմ եղբորդ և մորդ առաջ։ Ների՛ր, մի անգամ ևս, և այդ թող լինի վերջինը։
ՀԵՂԻՆԵ․ Վերջի՜նը։ Ոչ, այլևս իմ մեջ հավատ չէ մնացել դեպի ձեզ։ Ընկավ ձեր դիմակը, տեսա ձեր իսկական պատկերը, և ես չգիտեմ ինչո՞վ բացատրեմ, որ դեռ կարողանում եմ նայել ձեր երեսին։
ՄԻՔԱՅԵԼ. Հեղինե՛, խնայիր, եթե ոչ ինձ, գոնե մեր անմեղ զավակին։ Նա միայնակ է, նա լալիս է, նա մայրիկ է աղաղակում։
ԳԱՐԵԳԻՆ. Որքան ճարպիկ է։
ՀԵՂԻՆԵ. Մի՛ հիշեք նրա անունը, դուք վիրավորում եք նրա անմեղությունը։ Բավական է, հեռացեք և մի՛ թույլ տաք ինձ ամոթից տանջվել իմ մոր և եղբոր առաջ։ Նրանք մի կաթիլ անգամ մեղք չունեն իմ դառն սխալի մեջ, Դա՛ռն, այո, որովհետև ձեր մեջ էի երևակայում գտնել իմ ամբողջ գոյության նպատակը, ձեզանով և միմիայն ձեզանով էի կամենում վայելել կյանքի բարիքը և չարիքը, ձեզանից հեռու չէր անցնում իմ գաղափարը։ Իսկ դուք