Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/430

Այս էջը հաստատված է

ԿԱՏԱՐԻՆԵ-. (Ճաշի սեղանի մոտ զբաղված): Անահիտ, ութ հոգի չե՞նք։


ԱՆԱՀԻՏ-. Յոթ, մայրիկ Ֆլորան չի ուզում մնալ։

ՀՐԱՆՏ-. (Նայում է պատկերներին): Ոչ, ոչ, այստեղ նայեցեք, շատ հետաքրքրական է, շատ։

ՆՈՅԵՄԶԱՐ-. (Տիգրանին): Այդ կոպիտը ծերուհուն վիրավորելու է։

ՏԻԳՐԱՆ-. Չպիտի թույլ տար (Բարձր): Հրա՛նտ, արի այստեղ։

ՀՐԱՆՏ-. Վարդան Մամիկոնյանից սկսած մինչև մեր ժամանակակիցները։ Այս ի՞նչ է, մի ծերունի եպիսկոպոսի միրուքով, սուրը ձեռին վրեժ է աղաղակում։ Օհո՜, հո դրա՞նք էլ կան, նորագույն հերոսները խորհրդավոր դեմքով։ Հայաստանի փրկիչնե՞ր։ Ի՞նչ ինքնահավան, անբարտավան դեմքեր։ Ազգային բոստանի խրտվիլակներ։

ՍԵՆԵՔԵՐԻՄ-. (Բավական գրգռված մոտենում է Հրանտին): Այդ ի՞նչ եք ասում, պարոն։ Դրանք մեր ազգային նորագույն նահատակներ են։

ՏԻԳՐԱՆ-. (Բռնելով Հրանտի թևը): Զսպիր քեզ, տեղը չէ։

ՀՐԱՆՏ-. (Չլսելով, միշտ ձեռները պանթալոնի գրպաններում)։ Որը վեղարով, որը զրահավորված, որը գրիչը ձեռին, որը թուրը, պատրաստ են հարվածերու իրենց ազգի թշնամիներին։ Հեպ, ահա և հայկական պատերի սովորական պաստառը— «Ոգի Հայաստանի»։ Մի հաստավիզ բուրժուա գեղեցկուհի ավերակների վրա նստած։ (Դադարում է նայել): Սիրահարված ինքն իր գեղեցկության վրա։

ՍԵՆԵՔԵՐԻՄ-. (Հազիվ զսպում է կատաղությունը): Այդ ինձ նվիրել է իմ նախկին աշակերտուհիներից մեկը։

ՀՐԱՆՏ-. Որին, անշուշտ, կրթել եք այդ նկարի ոգով։

ՍԵՆԵՔԵՐԻՄ-. Թեկուզ այդպես, երիտասարդ պարոն, թեկուզ այդպես, ի՞նչ կասեք, արդյոք։

ՀՐԱՆՏ-. (Կոշտ): Այն կասեմ, որ այդ ինչև անգամ ազգասիրություն չէ, այլ ազգամոլություն։

ՍԵՆԵՔԵՐԻՄ-. Որին, հուսով եմ, դեմ չեք դուք և ոչ մեկը ներկա եղողներից։

ՀՐԱՆՏ- Հրաժարվելով հրաժարիմք ի մոլությունե։