ԱԼԵՔՍԱՆԴՐ. Նստիր, Ֆլորա, քեզ հետ գործ ունիմ։ (Նստում է կիսսւթսւզկաթոոներից մեկի վրա):
ՖԼՈՐԱ. (Նստելով հոր դեմ): Հրամայիր, հայրիկ։
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Ես կտակս գրել տվեցի.․․
ՖԼՈՐԱ. (Անհանգիստ): Հայրիկ...
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Մի՛ տխրիր, աղջիկս, մահը մերն է, մենք մահինը: Վաղուց էր հարկավոր։ Արդեն մոտենում եմ վաթսունին և շատ էլ առողջ չեմ զգում ինձ։ Քանի խելքս գլխումս է, պետք է հոգամ քո մասին։ Կտակիս ընդհանուր բովանդակությունն այս է. կարողությանս կեսը տալիս եմ զանազան ազգային գործերի համար։ Ի միջի այլոց, հանգուցյալ մորդ անունով կբացվի մի ուսումնարան և կպահվին որդեգիրներ։ Մանրամասնությունների հետ կծանոթանաս մահիցս հետո։ Մյուս կեսը կարողությանս, որ հորիցս եմ ժառանգել, այս տան հետ թողնում եմ քեզ համար։ Կտակակատար նշանակում եմ իմ բարեկամ Սեներքերիմ Սահառունուն, միակ անշահասեր մարդուն, որ ճանաչել եմ կյանքիս մեջ։ Համաձա՞յն ես։
ՖԼՈՐԱ. Հայրիկ, քո կամքն ինձ համար օրենք է։
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Ոչ, Ֆլորա, այդպես չէ։ Դու գիտես, որ ես բռնակալ հայրերից չեմ։ Մանկությունից քեզ պահել եմ ազատ և, գոհություն աստծու, այսօր տեսնում եմ, որ ազատությունդ ի չարը գործ չես դրել։ Բայց գլխավորն այս չէ, Ֆլորա, ես ունիմ մի մեծ հոգս, ահա այս մասին է, որ ուզում եմ քեզ հետ խոսել բարեկամաբար։ Ասա
ինձ, Ֆլորա, դու չես մտածում ամուսնանալու մասին։
ՖԼՈՐԱ. (Շփոթվելով): Հայրի՜կ...
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Մի՛ ամաչիր, դու երեխա չես։ Ես փափագում եմ վիճակդ կարգավորված տեսնել, հետո մեռնել։ Ֆլորա, ու՞մ ես հավանել մեր երիտասարդների մեջ։
ՖԼՈՐԱ. (Ավելի շփոթվելով): Չգիտեմ, հայրիկ․․․
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Ասա, մի՛ քաշվիր։ Ես քեզ համար ոչ միայն հայր եմ, այլև մայր։ Ծերությանս մի նայիր, հոգով այնքան էլ խավար չեմ։
ՖԼՈՐԱ. Հայրիկ, կկամենայի, որ իմ հավանածը նախ և առաջ քեզ դուր գար։ Ահա բոլորը, ինչ որ կարող եմ ասել։