Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/438

Այս էջը հաստատված է

ԱԼԵՔՍԱՆԴՐ. Ապրիս։ Որ այդպես է, ուրեմն կարող ենք մի համաձայնության գալ։ Տասը տարի է, որ մտքումս որոշած ունիմ քո փեսացուն։

ՖԼՈՐԱ. (Անհանգիստ): Հայրիկ...
ԱԼԵՔՍԱՆԴՐ. (ժպտալով): Հանգիստ կաց. իմ ընտրելին իսկ և իսկ քո հավանածն է։ Ինչո՞ւ ես կարմրում, տեսնո՞ւմ ես, որ ես չեմ բարկանում։ Ֆլորա, ես էլ գիտեմ, որ ամուսնական երջանկությունը ոչ փողի հետ է կապված և ոչ էլ դիրքի ու ծագման։ Փառք աստծուք դու այնքան ունիս, որ բավական է քեզ էլ, քո ամուսնուն էլ։ Արտաշեսը աղքատ ընտանիքի զավակ է, բայց Սենեքերիմի որդին է։ Նա այնքան բարոյական է ու մաքուր, որքան յուր հայրը։
ՖԼՈՐԱ. Բայց դու նրան լավ չես ճանաչում, հայրիկ։ Չէ որ հինգ տարի է չես տեսել նրան։
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Իմ հասակի մարդու համար, սիրելիս, բավական է մեկի հետ երկու անգամ խոսել, որ նրան ճանաչի ոտքից մինչև գլուխ։ Արտաշեսը երեք-չորս անգամ եկել է ինձ մոտ յուր հարգանքները հայտնելու։ Ես երկար խոսել եմ հետը։
ՖԼՈՐԱ. (Անհանգիստ շարժում է անում):
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Մի՛ վախենար, քո մասին չենք խոսել։ Նա իհարկե, փոխվել է, շատ է փոխվել։ Նա այժմ կատարյալ տղամարդ է, խելքը գլխին, բայց նրա սիրտը և հոգին չեն փոխվել։ Ֆլորա, Արտաշեսը նման չէ մեր այն երիտասարդներին, որոնք Ռուսաստանից կամ Եվրոպայից վերադառնում են... հոգով էլ, մարմնով էլ ապականված։ Ես շատերի հետ եմ խոսել և ոչ մեկն ինձ վրա այնպիսի լավ տպավորություն չի արել։ Ես իմն ասացի. Ֆլորա, այժմ հերթը քոնն է։ Ես լսում եմ, ասա, ոչ մի բան մի թաքցնիր։
ՖԼՈՐԱ. Հայրիկ, քեզ նման հորից գաղտնիք ունենալը հանցանք է։ Ես Արտաշեսին հավանում եմ—ճշմարիտ է, բայց այս է բոլորը, ուրիշ գաղտնիք չունիմ։
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Ուրեմն ձեր մեջ խոսակցություն չի՞ եղել։
ՖԼՈՐԱ. Ո՛չ։
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Եվ ո՞չ մի ակնարկ նրա կողմից։