Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/44

Այս էջը հաստատված է

ինձ խաբեցիք, օօ՜, դուք չգիտեք ինչ ասել է ինձ նման մի կնոջ խաբված լինելը, մի՛ կնոջ, որ ընտանեկան կյանքից դուրս ուրիշ աշխարհ չուներ և չէր ուզում ունենալ, որովհետև նա սիրում էր անհուն սիրով իր ամուսնուն։

ՄԻՔԱՅԵԼ․ Հարվածի՛ր ինձ, նախատի՛ր, անարգի՛ր, բայց ես այստեղից չեմ հեռանա առանց քեզ։ Ուրեմն, ահա իմ ձեռքը, որ մեկնում եմ քեզ անկեղծ սրտով, տուր ինձ քոնը, ու մենք, կհաշտվենք։
ՀՈՌՈՄ․ Հաշտվի՛ր, որդի՛, հաշտվի՛ր, նա շատ խեղճացել է։
ԳԱՐԵԳԻՆ․ (Մեկուսի) Խե՜ղճ և միամիտ մայր․․․
ՄԻՔԱՅԵԼ. Խնդրեցե՛ք, մայրի՛կ, աղաչո՜ւմ եմ։ Հավատացեք, ես Հեղինեին շատ եմ սիրում շա՜տ։ (Միջին դռներից մտնում են Մարիամը և Օլգան):

ՏԵՍԻԼ Ը.


ՆՐԱՆՔ, ՄԱՐԻԱՄ և ՕԼԳԱ


ՄԱՐԻԱՄ․ Ո՞ւր է, ինչ պատահեց։ Ա՜խ, այստեղ եք։ Օլգաս քիչ էր մնում ուշաթափվի երկյուղից։ Այդ ի՞նչ է եղել, Հեղինե՛, ինչո՞ւ դու այդպես դեղնած ես։
ՄԻՔԱՅԵԼ. Ես նրան վիրավորել եմ, ես նրա առաջ մեղավոր եմ, խնդրեցեք բոլորդ, որ ների։
ՄԱՐԻԱՄ. Գիտեմ, ձեր մեջ առավոտյան վեճ է պատահել։ Բայց արժե՞ր դրա համար աղմուկ բարձրացնել, Հեղինեն, այնպես վազել է այստեղ և մեզ էլ վախեցրել։ Ախ, Օլգա, հանգստացա՞ր, թև չէ։
ՕԼԳԱ. Դատարկ բանի համար իզուր եկանք այստեղ։ Գնանք, մայրի՛կ, Միքայելը յուր կնոջ հետ կգա տուն։
ԳԱՐԵԳԻՆ. (Հեղինեին) Տեսնո՞ւմ ես, այդ բոլորը քո օժիտի համար է։ Վճռիր, ուրեմն։
ՀՈՌՈՄ. Հաշտվի՛ր, որդի՛, ամենքը խնդրում են։
ՕԼԳԱ. (Մեկուսի) Ե՞ս խնդրեմ նրանից, օօ՜, կաց անխոս օձ, իմ եղբոր աչքերը վերջը կբացվեն։
ՄԱՐԻԱՄ. Տե՜ր աստված, երևի այդ էլ իմ բախտից է։ Մենք մեծ պատրաստություն ենք տեսնում ամսույս