Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/440

Այս էջը հաստատված է

ես սիրում եմ, երբ դու ինձ ճանապարհ ես դնում ընդունում երաժշտությամբ։

ՖԼՈՐԱ. (Ուղեկցում է հորը մինչև դռները, նայում է ետևից)։ Բարի մարդ։ Նա դեռ չգիտե... (Մոտենում է դաշնամուրին, մի քանի վայրկյան նվագում է ուրախ եղանակ: Շուտով վեր է կենում, լուսամուտով նայում դուրս):
Նախասենյակից լսվում է էլեկտրական զանգի հնչյուն:
ՖԼՈՐԱ. (Ցնցվում է և ետ նայում):
ՍՈՖԻԱ. (Գալիս է խորքի ձախ դռներից): Օրիորդ, տա՞նն եք (Գնում է նախասենյակ):
ՖԼՈՐԱ. Այո, այո։ (Մեկուսի): Սիրտս վկայում է, որ նա է (Շտապով գնում է խորքի ձախ դռներով և իսկույն ետ գալիս մի փոքրիկ արկղիկ ձեռքին: Արկղիկը դնում
դաշնամուրի վրա և նայում է դեպի նախասենյակի դռները):


ՏԵՍԻԼ 4
ՖԼՈՐԱ և ԱՐՏԱՇԵՍ


ԱՐՏԱՇԵՍ. (Գալիս է աջ կողմի երկրորդ դռներից: Նկատելի հուզված է։ Հագած է նույն հագուստը, միայն կապույտ շապկի փոխարեն օսլայած շապիկ և ժիլետ): Ֆլորա, բարև։ (Սեղմում է Ֆլորայի ձեռն ընկերաբար, մյուս ձեռում պահած լայնեզր փափուկ գլխարկը ճմլած):
ՖԼՈՐԱ. Բարև։ Այդ ինչու՞ համար դողում է ձեր ձեռը։ Գրազ կգամ, որ դարձյալ ընդհարվել եք ձեր հոր հետ։
ԱՐՏԱՇԵՍ. Չեք սխալվում։ (Նստում է մեջտեղի կիսաբազկաթոռներից մեկի վրա): Ընդհարվեցի, այո, և այս անգամ այնպես, որ նա ինձ անվանեց ազգավաճառ։
ՖԼՈՐԱ. Մի՞թե։ Չէի կարծում, որ գաղափարների տարբերությունը կարող է այդպես գրգռել հայրերին ու զավակներին միմյանց դեմ։ (Նստում է Արտաշեսի դեմ):
ԱՐՏԱՇԵՍ. Իմ հայրը մոլեռանդ հայ է — ես ճանաչում եմ համամարդկայինը։ Նա համառ է յուր սկզբունքների մեջ–ես ոչ մի քայլ չեմ զիջում նրան։ Ինչպես նա է ուղղամիտ և շիտակ — նույնպես և՛ ես չեմ կարող կեղծել։