Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/444

Այս էջը հաստատված է

ԱՐՏԱՇԵՍ. (Կանգ է առել և լսում է): Մի՞թե։

ՖԼՈՐԱ. (Ոգևորվելով): Ա՜հ, այն օրից դես չգիտեմ ինչ ասել է ուրախ տրամադրության։ Ե՛ս, որ միշտ երգում էի, թռչկոտում ու նվագում նույնիսկ իմ պաշտելի մոր մահից հետո։ Այն պահից իմ այժմյան կյանքն ինձ թվում է ամոթալի։ Ես մի քանի օրվա մեջ զգացել եմ ու մտածել ավելի, քան տարիների ընթացքում։ Ես արթուն երազում եմ շղթայակապ ձեռներ, մթին ու խոնավ արգելանոցներ, ուր տառապում են ինձնից շատ ու շատ բարձր օրիորդներ։ Դուք ասացիք, որ նրանք դժոխքի մեջ երգում են ազատական գրգռիչ երգեր, արձակում են հերոսական գոչյուններ։ Ապա լսում եմ նրանց դառն լացը, կսկծալի հեծկլտանքը և անեծքն ինձ նման անտարբերների գլխին։
ԱՐՏԱՇԵՍ. (Հիացած): Բայց կանգ առեք, ես չէի ուզում ձեզ...
ՖԼՈՐԱ. (Ավելի ու ավելի ոգևարվելով): Դուք ասացիք, որ մայրերը ճիգ են անում ոսկրոտ ձեռներով խորտակել բանտերի դռները, որպեսզի ազատեն իրենց զավակներին, հայրերն անզոր սեղմում են իրենց բռունցքները։ Այս ձեր խոսքերն են, որ շարունակ հնչում են իմ ականջներին, ինչպես դառը նախատինք... Բանտապահների կոպիտ հարվածները քարերի պես տեղում են ամուսինների ու քույրերի գլխին։ Եվ թշվառները, դառնալով ինձ նմաններին, նույնպես անեծք են թափում մեր գլխխին...
ԱՐՏԱՇԵՍ. Ոչ ձեզ նմանների, ոչ..․
ՖԼՈՐԱ. Այդպես է, մի՛ հերքեք։ Դուք նախատել եք հայ աղջիկներին, որոնցից ես ոչնչով բարձր չեմ։ Ապերախտ եք դուք, ինչու՞ գոնե ձեր քրոջն աչքի առջև չունեք։ Մի՞թե շատ օտարազգի օրիորդներ կան Անահիտի նման, նույնիսկ ձեր շրջաններում։
ԱՐՏԱՇԵՍ. Անահիտն այն չէ։ Նա ուրիշ է։ Իմ և նրա մեջ ես կա խորխորատ, ինչպես իմ և իմ հոր մեջ։
ՖԼՈՐԱ. Բայց նրա սի՞րտը։ Ես քանի անգամ տեսել եմ նրան արտասվելիս հայկական կոտորածների ժամանակ։