Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/445

Այս էջը հաստատված է

ԱՐՏԱՇԵՍ. Արտա՞սվել է նա, արդյոք, կարդալով Քիշինևի և Բելոստոկի մասին։ Ո՛չ, կարող եմ երդվել։ Շատ շատ կրծքից արձակել է ծանր հառաչանք, բայց, մի րոպե չանցած մտածել է. «այդ բոլորը ցավալի է, միայն մեզ չի վերաբերում»։

ՖԼՈՐԱ. Ունի՞ք փաստեր այդ մասին։
ԱՐՏԱՇԵՍ. Երեք անգամ դիմել եմ նրան և խնդրել եմ բանտարկյալ ընկերների համար ժողովարարություն անել, երեք անգամ էլ նա հարցրել է. «Հայե՞ր են ընկերներդ»։ Եվ երբ իմացել է, թե հայեր չեն — լռել է։ Այս չէ, Ֆլորա, այս չէ իմ դավանանքը։ Ինձ համար թշվառությունն ազգ չունի և ոչ կրոնք և ոչ լեզու։ Մենք ուզում ենք, որ միշտ օտարներն օգնեն մեզ և մուրացկանների պես շարունակ դիմում ենք բուրժուա պետություններին, իսկ ինքներս մերժում ենք մեր օգնությունը մեզ նման թշվառներին։ Դա անարդարություն է։
ՖԼՈՐԱ. (Ուշադիր լսել է): Համաձայն եմ, համաձայն եմ։
ԱՐՏԱՇԵՍ. Քանի ես պատանի էի, մի տեսակ պատնեշ իմ սրտում անջատում էր ազգությունը մարդկությունից։ Այժմ չկա այդ պատնեշը։ Խորտակվել է այն համաշխարհային մեծագույն իմաստասերների ազդեցությամբ, որոնց գրքերը կարդացել եմ և հափշտակվել։ Ահ, եթե տեսնեիք այն վայրերը, ուր մարդիկ զգում են և տանջվում իդեալների համար։ Այնտեղ ազգությունը չէ այն օղակը, որ միացնում է հոգիները, այլ մի ուրիշ, ավելի բարձր, ավելի ընդարձակ և ամուր կապ դեպի մարդը։
ՖԼՈՐԱ. Կարո՞ղ եմ, արդյոք, ես էլ զգալ ու տանջվել այդ վայրերում։
ԱՐՏԱՇԵՍ. Այդ ձեզնից է կախված։
ՖԼՈՐԱ. Կկամենայի իմանալ, ի՞նչ հատկություններ են հարկավոր մի Նոյեմզար դառնալու համար։
ԱՐՏԱՇԵՍ. Նախ և առաջ՝ ունենալ այն սոսկալի լեղին, որով լիքն է Նոյեմզարի սիրտը։ Ֆլորա, նա հինգ անգամ բանտ է նստել։ Նա ծեծվել է, անարգվել է։ Եվ այսօր նրա բոլոր բարեկամները տառապում են շղթաների մեջ։