Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/446

Այս էջը հաստատված է

ՖԼՈՐԱ․ Եվ դուք մերժում եք վերցնել այդ չնչին նվերը այդպիսիների օգտի՞ն։

Նախասենյակում էլեկտրական զանգակի հնչյուն:
ԱՐՏԱՇԵՍ․ Թողեք մնա ձեզ մոտ։ Ես կմտածեմ այդ մասին և կհայտնեմ ձեզ։ Վերցրեք, խնդրում եմ, գուցե եկողը ձեր հայրն է։


ՏԵՍԻԼ 5
ՆՈՒՅՆՔ և ՆՈՅԵՄԶԱՐ


ՆՈՅԵՄԶԱՐ. (Ներս է մտնամ աջ կողմի երկրորդ դռներից: Հագնված է այնպես, ինչպես առաջին արարվածում): Բարև, օրիո՛րդ։ Ես եկել եմ ձեզ շնորհակալություն հայտնելու։ Դուք Անահիտի միջոցով ուղարկել եք ի՛նձ, մեր ընկերների համար հարյուր ռուբլի։ (Ձեռ է տալիս Ֆլորային և հետո միայն նկատում Արտաշեսին: Թեթև ցնցվում է, բայց և անմիջապես ուղղում է իրան): Ես գնացել էի քո ծնողների տունը, քեզ տեսնելու։ Օ՜հ, հոզնած եմ: (Նստում է, Ֆլորային): Ներեցե՛ք։
ՖԼՈՐԱ. Խնդրեմ։
ՆՈՅԵՄԶԱՐ. Ճանապարհին չգիտեմ ինչ պատահեց ինձ, հանկարծ գլուխս սկսեց սաստիկ ցավել։ Արդյոք, չունի՞ք մի փոքր օդեկոլոն։
ՖԼՈՐԱ․ Ես իսկույն ձեզ կտամ մի՛ դեղ, որ շատ է օգնում։ (Շտապով գնում է խորքի ձախ դռներով):


ՏԵՍԻԼ 6
ԱՐՏԱՇԵՍ և ՆՈՅԵՄԶԱՐ


ՆՈՅԵՄԶԱՐ․ (Վեր է կենում): Կյանքումս առաջին անգամ կոմեդիա խաղացի։
ԱՐՏԱՇԵՍ․ (Անհանգիստ դիտել է Նոյեմզարին): Ի՞նչ է պատահել։
ՆՈՅԵՄԶԱՐ․ Իպոլիտից նամակ ստացա։ Այս քանի օրերս նրան էտապով ուղարկում են։ Պետք է շտապել։
ԱՐՏԱՇԵՍ․ (Գունատվելով): Այո՞։