Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/449

Այս էջը հաստատված է

ՏԵՍԻԼ 9

ԱԼԵՔՍԱՆԴՐ և ՍԵՆԵՔԵՐԻՄ

ՍԵՆԵՔԵՐԻՄ․ (Գալիս է աջ կողմի երրորդ դռներից Ալեքսանդրից առաջ: Հագնված է այնպես, ինչպես առաջին արարվածում): Ես շատ շնորհակալ եմ, որ այդչափ հավատ ես ընծայում ինձ, բայց չէի կամենալ քո կտակակատարը լինել։

ԱԼԵՔՍԱՆԴՐ․ Պատճա՞ռը։
ՍԵՆԵՔԵՐԻՄ․ Պատճառը, որ փափագում եմ քեզանից առաջ մեռնել և կմեռնեմ։
ԱԼԵՔՍԱՆԴՐ․ Ինձնից առո՞ղջ և ի՞նձնից ջահել լինելո՞վ։ Ինչո՞ւ։
ՍԵՆԵՔԵՐԻՄ․ Որովհետև կյանքն այսուհետև ինձ համար մի ծանր լուծ է։
ԱԼԵՔՍԱՆԴՐ․ Այդ խոսքը քեզ չի սազում, Սենեքերիմ։ Քո կյանքը դեռ հարկավոր է հասարակությանը։
ՍԵՆԵՔԵՐԻՄ․ (Դառը ժպտալով): Հըհը, հարկավոր․ ես էլ հիմարի պես երևակայում էի՛, թե հարկավոր է։ Բայց բանից երևում է, որ ես ոչ-ոքի հարկավոր չեմ։ Ալեքսանդր, Ալեքսանդր, իմ որդին է այն ստորջրյա ժայռը, որին դիպչելով խորտակվում է նավահանգստին մոտեցող նավը։ Այն նավը, որ կարծում էի թե վարել եմ տաղանդով և հմտությամբ։
ԱԼԵՔՍԱՆԴՐ․ Բայց Արտաշեսն ազնիվ երիտասարդ է։
ՍԵՆԵՔԵՐԻՄ․ Անիծվի՜ այն ազնվությունը, որից ազգը օգուտ չունի։
ԱԼԵՔՍԱՆԴՐ․ ՍեՆեքերիմ, ես քեզ ճանաչում եմ, դու շուտ գրգռվող մարդ ես և դեպքերը միշտ չափազանցում ես։ Երևի այդ մի սովորական վեճ է հոր և որդու մեջ։ Դու ինքդ քանի-քանի անգամ գրել ես, թե հառաջադիմության օրենքը պահանջում է, որ որդիները միշտ պատերազմեն հայրերի դեմ։
ՍԵՆԵՔԵՐԻՄ․ Ես հիմար կլինեի, եթե մոռանայի այդ օրենքը։ Օ, ես էլ՝ կռվել եմ իմ հոր հետ, բայց իմ կռիվը հիմնված է եղել հայ հասարակության, հայ ժողովրդի, իմ հարազատ