Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/450

Այս էջը հաստատված է

ազգի շահերի վրա։ Մինչդեռ իմ որդին ազգ չի ճանաչում, Ալեքսանդր, հասկացիր։ Տեսնո՞ւմ ես այն պատկերը։ (Ցույց է տալիս Ալեքսանդրի հանգուցյալ կնոջ պատկերը): Ահ, ինձ է հայտնի, թե նա որքան թանկ է քեզ համար։ Երևակայիր, որ քո հարազատ որդին մի օր գալիս է հեռավոր երկրից, ներս մտնում և հանկարծ, այդ պատկերը պոկելով, պատռտում է և ոտնատակ անում քո աչքերի առջև։ Այսպես, ճիշտ այսպես է վարվում իմ որդին իմ քսանույոթամյա գրական և մանկավարժական գործունեության հետ։ Հենց առաջին օրը նա թույլ տվեց տղայի մեկին քար շպրտել իմ դավանանքի դեմ։ Նա չկատաղեց, դուրս չձգեց այդ լրբին։ Նա լռեց, նա պաշտպանեց անգամ նրան։ Իսկ հե՛տո․․․ հետո՛ ինքն սկսեց հարվածել ինձ, և ի՞նչպես, ավելի անգութ, ավելի անողոք․․․ (Կատաղելով): Օհ, չորանար նրա մոր արգանդը, որ ես չունենայի նրա նման զավակ․․․

ԱԼԵՔՍԱՆԴՐ․ Բավական է, հերիք անիծես․․․
ՍԵՆԵՔԵՐԻՄ․ Նա կոտրում է իմ վարկը հասարակության աչքում, նա ինձ ծաղր ու ծանակի առարկա է դարձնում։ Ի՞նչ երեսով պիտի նայիմ այսուհետև մարդկանց։ Չե՞ն ասիլ նրանք․ «Աա, դու ուզում էիր կրթել մի ամբողջ հասարակություն, չկարողացար կրթել քո միակ որդո՞ւն։ Գնա՛։ Մենք քեզ չենք ճանաչում»։
ԱԼԵՔՍԱՆԴՐ․ Այդպես կասեն միայն կարճամիաները։ Սենեքերիմ, դու մոռանում ես, որ ունիս մի աղջիկ, որ քո աջ թևն է։
ՍԵՆԵՔԵՐԻՄ․ Անահի՜տը։ Այո՛, Ալեքսանդր, նա է, որ ինձ պահպանում է ծայրահեղությունից։ Հավատա, եթե նա չլիներ, ես հենց առաջին օրը վերջ կտայի իմ կյանքին։
ԱԼԵՔՍԱՆԴՐ․ Հերիք է, Սենեքերիմ, դու սկսում ես զառանցել։ Այդ մի թեթև բան է։
ՍԵՆԵՔԵՐԻՄ․ (Դառը ժպտալով): Թե՜թև, հըհը, թեթև... Լսիր, Ալեքսանդր, լսի՛ր․․․ կա մի բան, որ ես դեռ չեմ ասել քեզ։ Այդ բանն է, որ ինձ հուսահատեցնում է։ (Բռնում է Ալեքսանդրի ձեռը, ցածր ձայնով, խորհրդավոր): Իմ որդու գլխին կախված է Դամոկլյան թուրը։ Վաղ թե ուշ այն