Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/451

Այս էջը հաստատված է

պիտի ընկնի նրա վզի վրա։ Հասկացիր ինչպես կամենաս։ (Բաց է թողնում Ալեքսանդրի ձեռը, հեռանում է ու նայում նրան):

ԱԼԵՔՍԱՆԴՐ․ (Վախեցած): Ի՞նչ ես ասում, Սենեքերիմ։
ՍԵՆԵՔԵՐԻՄ․ Հապա՞։ Նա այն ճանապարհի վրա է, որից շատ քչերն են կենդանի վերադառնում։ Լսի՛ր։ լսի՛ր, Ալեքսանդր․ իմ որդին գործիք է տեռորիստների ձեռքում։ Նա ուխտ ունի, նրան հանձնարարված է բանտից ազատել իր ընկերներից մեկին։ Նա ռումբ պիտի գցե, լսո՞ւմ ես, ռումբ... (Սարսափած նայում է):
ԱԼԵՔՍԱՆԴՐ․ Սենեքերիմ, քո որդին կորած է, ողորմելի...
ՍԵՆԵՔԵՐԻՄ․(Դողդողուն, արտասվալից ձայնով): Ահ, Ալեքսանդր, ես անիծում եմ նրան, և, միևնույն ժամանակ, ողբում։ Չէ՞ որ ես հայր եմ։
ԱԼԵՔՍԱՆԴՐ․ (Մտածելով): Այո, այո, այժմ հասկանում եմ։ Շնորհակալ եմ, բարեկամ, որ ինձ զգուշացրիր։ Իսկ ես, հիմարս, ուզում էի իմ ձեռքով իմ աղջկան կրակի մեջ գցել։ (Ցնցվելով): Բայց գուցե նա արդեն ընկել է։ Ո՛չ, ո՛չ, Ֆլորան հիմար չէ․․․ Նա գիտե, որ ես չեմ կարող տանել այդ բանը․․․ (Ավելի բարձր և գրգռված): Սենեքերիմ, այսօր, հենց այստեղ ես իմ աղջկա հետ խոսում էի քո որդու մասին։ Ինչ թաքցնեմ, ես Արտաշեսին համարում էի արդեն իմ փեսան։ Ֆլորան հավանում է նրան։ Բայց հիմա ամեն բան տակն ու վրա եղավ։ Ֆլորան նրա ընկերը չէ, այդ չի կարող լինել։ Այսուհետև իմ դռները փակ են նրա առջև։ Հասկանո՞ւմ ես իմ դրությունը․ Սենեքերիմ, դու պիտի ներես ինձ։
ՍԵՆԵՔԵՐԻՄ․ Այդ քո կամքն է, ես միայն իմ պարտքը կատարեցի։
ԱԼԵՔՍԱՆԴՐ․ Բայց մի՞թե չի կարելի նրան ետ դարձնել այդ ճանապարհից։
ՍԵՆԵՔԵՐԻՄ․ (Ընկճված): Ուշ է, Ալեքսանդր, ուշ է։ Բաներ կան, որ, դժբախտաբար, չեմ կարող քեզ ասել։ Նա արդեն կործանված է։ (Աչքերը սրբում է թաշկինակով):
ԱԼԵՔՍԱՆԴՐ․ Լավ, մի հուսահատվիր, միջոցներ շատ կան նրան ազատելու համար։ Արի գնանք իմ սենյակը և միասին