Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/453

Այս էջը հաստատված է

կրկնում է. «Ես դժբախտ եմ, ես դժբախտ եմ»։

ՖԼՈՐԱ․ Բայց ի՞նչն է նրան այդպես հուսահատեցնում։ Միթե միայն հոր ու որդու վե՞ճը։
ԱՆԱՀԻՏ․ Ֆլորա, դա մի վեճ չէ. այլ երկու միմյանց հակասող տարրերի սոսկալի ընդհարում։ Ոչ մեկը չի ուզում զիջել և ոչ մեկը կեղծել։ Բայց գլխավորն այս չէ, Ֆլորա։ Կա մի ուրիշ պատճառ, որ հուսահատեցնում է մայրիկիս, և ես հենց դրա համար ուզում էի քեզ տեսնել։
ՖԼՈՐԱ․ Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել։
ԱՆԱՀԻՏ․ Արտաշեսի կյանքում կա մի գաղտնիք․ դա է, որ թունավորում է նրան և դարձնում այդչափ տխուր և դյուրագրգիռ։ Հայրիկը, ինչպես երևում է, գիտե այդ գաղտնիքը, բայց ոչինչ չի ասում։ Նա միայն կրկնում է․ «Արտաշեսը կործանված է»։ Իսկ մայրիկն ու ես զանազան ենթադրություններ ենք անում։ Ինձ թվում է, որ այդ գաղտնիքը միայն դու կարող ես պարզել։
ՖԼՈՐԱ․ Ինչո՞ւ ե՛ս անպատճառ։
ԱՆԱՀԻՏ․ Արտաշեսն այժմ քեզ հետ ավելի է մտերիմ, քան մեզ հետ։ Տխուր րոպեներին նա այստեղ է վազում և ես գիտեմ, որ նրա կյանքից արդեն շատ բաներ են հայտնի քեզ։ Ասա, Ֆլորա, նախ և առաջ, այդ ի՞նչ գործ է, որ ստիպում է նրան այստեղից հեռանալ։
ՖԼՈՐԱ․ Չգիտեմ։ Այդ մասին նա ոչ մի բառ չի ասել ինձ։
ԱՆԱՀԻՏ․ Հավատա՞մ արդյոք։
ՖԼՈՐԱ․ Երդվում եմ մորս գերեզմանով։
ԱՆԱՀԻՏ․ Օօ, այդ բավական է, հավատում եմ։ Հիմա մի ուրիշ հարց․ ո՞վ է այդ Նոյեմզարը․ այդ օտար աղջիկը հայ անունով։
ՖԼՈՐԱ․ (Նոյեմզար անունը լսելիս շարժումն է անում, բայց և թաքցնում է իր շփոթությունը): Չգիտեմ։
ԱՆԱՀԻՏ․ Արտաշեսը նրա հետ խոսում է «դու»-ով։ Ասենք այդ ոչինչ, ասում են նրանց շրջանում այդպես է ընդունված։ Բայց այդ Նոյեմզարի մասին հազար ու մի բան են պատմում։ Ասում են, նրա անվան հետ կապված են մի քանի վտանգավոր գործեր։ Արտաշեսը նրա մասին երբեք չի խոսում և մեր հարցերին տալիս է անորոշ պատասխաններ։