խորտակենք ոսկե շղթաները աշխարհային դիրքի հետ, որպեսզի պողպատե կապերով միանանք մեր թշվառ ընկերներին։
ԱՐՏԱՇԵՍ. Այո՛, բայց դու ինքդ ես մոռանում այդ։ Երեկվա քո վարմունքն ուղղակի ամոթալի էր։ Ի՞նչ կարող է մտածել մեր մասին Ֆլորան։
ՆՈՅԵՄԶԱՐ. Ինչ ուզում է, թող մտածե։ Մի՞թե ինձ համար կարող է որևէ նշանակություն ունենալ մի բուրժուա աղջկա կարծիքը։
ԱՐՏԱՇԵՍ. Առհասարակ այստեղ գալուց հետո դու դարձել ես անզգույշ։ Անտոնինա, առաջ դու այդպես չէիր։ Ի՞նչ է պատահել։
ՆՈՅԵՄԶԱՐ. Ա՜հ, ես ինքս էլ չգիտեմ։ Գուցե պատճառն այդ աղջիկն է, կամ ձեր կապույտ ու կրակոտ երկինքը։ Ինչո՞ւ թաքցնեմ, այն օրից, որ այստեղ ենք, ես իմ սրտի տերը չեմ։
ԱՐՏԱՇԵՍ. Բայց դու շատ լավ գիտես, որ ոչ մի երկնքի տակ և ոչ մի երկրում մեր հարաբերությունները չեն փոխվել։ Եղբայրական է իմ զգացումը դեպի քեզ և այնպես էլ կմնա։ (Վերցնում է հանդերձակալից ձմեռային վերարկուն, նայում և ձգում անկողնակալի վրա):
ՆՈՅԵՄԶԱՐ. (Տխուր): Գիտեմ, ա՜խ, գիտեմ, հարյուր անգամ լսել եմ քեզանից, անգութ, բավական է։ (Գրգռվելով)։ Բայց ի՞նչ անեմ, քանի որ այստեղ (սիրտը ցույց տալով), հակառակ իմ կամքի, արմատացել է մի տխմար զգացում, որ չի մեռնիլ երբեք, մինչ կենդանի ենք դու և ես։
ԱՐՏԱՇԵՍ. Հիշիր Իպոլիտի վիճակը, հիշիր, որ նա խելագարի պես սիրում է քեզ և մի օր քեզ հետ միանալու հուսովն է տանում իր տառապանքները։ Հիշիր մեր երդումը նրա բանտի երկաթապատ լուսամուտի առջև, և դու կմոռանաս անձնականը։
ՆՈՅԵՄԶԱՐ․ (Մռայլ): Խե՜ղճ Իպոլիտ, կարո՞ղ էիր կարծել, որ
երբևիցե իմ զգացումներով պիտի դավաճանեմ քեզ։ Բայց ես նրան երբեք չեմ սիրել — ինքն էլ գիտե այս։ Իմ զգացումը դեպի նա եղել է միշտ ընկերական։ Ես հարգել