Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/458

Այս էջը հաստատված է

եմ և հարգում եմ նրան իբրև մի տաղանդավոր գործիչի և հազվագյուտ ընկերոջ, որ...

ԱՐՏԱՇԵՍ. Որ մի անգամ քեզ և երկու անգամ ինձ ազատել է մահից։ Եվ դու ուզում ես, որ մենք դավաճանենք այդպիսի մի ընկերոջ։ Ոչ, Անտոնինա, նա քեզ սիրում է անհուն սիրով և եթե այսօր չի վայելում քո փոխադարձ սերը, համենայն դեպս ես չեմ լինի քեզ նրանից խլողը։ Ես չունիմ իրավունք և չեմ կարող մի այդպիսի վիշտ պատճառել Իպոլիտին։
ՆԱՅԵՄԶԱՐ. (Ազդվելով Արտաշեսի խոսքերից, ուշքը ժողովում է, քաջարի): Այո, այդպես է, դու ճիշտ ես ասում։ Թող քո ասածը լինի։ Եթե ես Իպոլիտին չկարողանամ սիրել երբևէ, պարտավոր եմ իմ սիրտը կույս պահել նրա համար։ Նա արժե ավելին, քան մի այսպիսի զոհաբերություն։ Թող կորչի փոքրոգությունը։ Ես կաշխատեմ սպանել իմ սրտում այս դավաճանական զգացումը հանուն Իպոլիտի և հանուն մեր ընկերական պարտականության։ Բայց հեռո՜ւ, հեռու այս երկրից։ Այստեղ ես ինձ մարդ եմ զգում։ Այստեղ իմ կամքի ուժը սկսում է թուլանալ։ (Եռանդով): Եղե՞լ է այստեղ Հրանտը։
ԱՐՏԱՇԵՍ. Դեռ ոչ։
ՆՈՅԵՄԶԱՐ. Ես կգնամ նրան գտնելու։ Օօ, նա ֆանատիկոս է, այդպիսիներն անհրաժեշտ են մեր գործի համար։ Մի ժամ չանցած կգամ և միասին կերթանք
կայարան։ (Գնում է եռանդուն քայլերով աջ կողմի դռներով):


ՏԵՍԻԼ 2
ԱՐՏԱՇԵՍ և ԱՆԱՀԻՏ


ԱՆԱՀԻՏ. (Գալիս է խորքի դռներով): Գնաց, վերջապես..․
ԱՐՏԱՇԵՍ. Անահիտ, ինչո՞ւ համար ես դու Նոյեմզարի այդպես ատում։ Երբ նա այստեղ է, դու երբեք չես մտնում իմ սենյակը։
ԱՆԱՀԻՏ. Ես չեմ ուզում նրան տեսնել։ Նա իր սրտի խորքում ատում է մեզ, հայերիս։