Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/460

Այս էջը հաստատված է

կամ դու ես խելագարվել կամ ես։ Չեմ հասկանում, ինչ եմ արել Ֆլորային, որ երեկվանից դես ակնարկում ես և չես բացատրում։

ԱՆԱՀԻՏ. Դու հափշտակել ես նրա սիրտը։
ԱՐՏԱՇԵՍ. Անահիտ, բառերի հետ մի խաղար։
ԱՆԱՀԻՏ. Ֆլորան ինքը խոստովանեց ինձ։ «Ես մի թշվառ էակ եմ», այս էր նրա վերջին խոսքը ուշաթափվելուց առաջ։ «Անահիտ, ես սիրում եմ Արտաշեսին», այս էր նրա առաջին խոսքը, երբ ուշքի եկավ և երբ մենք մենակ էինք իր սենյակում: Այնուհետև բոլորը պատմեց։ Զգացումը հղացել է նրա սրտում քեզ տեսնելու առաջին օրից և զարգացել է այնքան արագ, որ ինքն էլ չգիտե իրան հաշիվ տալ։
ԱՐՏԱՇԵՍ. (Մեկուսի, մռայլ): Մի խոչընդոտ ևս իմ ճանապարհի վրա։
ԱՆԱՀԻՏ. Դու չպիտի թույլ տայիր, որ այդ զգացումը նրա մեջ զարգանա։ Դու չունեիր իրավունք թույլ տալու։
ԱՐՏԱՇԵՍ. Ումի՞ց պիտի վերցնեի այդ իրավունքը։
ԱՆԱՀԻՏ. (Տատանվելով): Չգիտեմ, այդ մասին քեզ է հայտնի և ուրիշներին և ոչ քո մորն ու քրոջը։
ԱՐՏԱՇԵՍ. (Մի քանի վայրկյան լուռ տարակուսանքով նայում է Անահիտին, ապա մոտենում է և բռնում նրա ձեռը): Քույր, դու գիտես, որ ես կատակ չեմ սիրում։ Ասա պարզ, ի՞նչ է այն գաղտնիքը, որ թաքցնում եք ինձանից։ Ի՞նչ պատճառով է Ֆլորան ուշաթափվել։
ԱՆԱՀԻՏ․ (Ձեռը խլելով): Թող ինձ, չեմ կարող ասել։ Հարցրու մայրիկին։ Ահա գալիս է այն աներեսը։ Ների՛ր, ես չեմ կարող նրան տեսնել։ (Գնում է խորքի դռներով)։


ՏԵՍԻԼ 3
ԱՐՏԱՇԵՍ, ՀՐԱՆՏ և ԱՐԱԶ ԱՐԱԶՅԱՆ


ՀՐԱՆՏ. (Գալիս է աջ կողմի դռներով: Ձեռ է տալիս Արտաշեսին ամուր թափով): Ողջո՛ւյն, ընկեր։ (Դառնալով դեպի հյուրասենյակ): Արի, արի, ահա նա, պարոն։ Կարող ես