Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/463

Այս էջը հաստատված է

որին այսպես կամ այնպես պիտի փրկենք մեր կյանքի գնով։

ՀՐԱՆՏ. Փրկեցեք, ո՞վ է ձեզ խանգարում։
ԱՐԱԶ․ (Ուշադրություն չի դարձնում Հրանտի վրա): Եվ դու, որ այնպիսի ոգևորությամբ խոստանում էիր մեզ հետ այնտեղ գնալ, այժմ գնում ես հակառակ կողմ։ Այժմ, երբ քո ուժերը կազմակերպվել են, երբ ունիս ուսում, գիտություն և մի կարևոր արհեստ։ Արտաշես, մենք այժմ թվով շատ ենք, ճիշտ է, բայց մեր թշնամին հազար գլխանի մի հրեշ է։ Մենք չպիտի ջլատենք մեր ուժերը, մենք բոլորս պիտի միանանք և ծառայենք մեր և միմիայն մեր ժողովրդին։ Եթե քեզ նմանները թողնեն մեր անբախտ արյունակիցներին և գնան օտարներին ծառայելու — մեր դատը մեռած է։
ՀՐԱՆՏ․ (Կծու եղանակով)։ Ձեր դատը մեռած է ծնվելու օրից։
ԱՐԱԶ. (Վշտացած, կատաղի): Ո՛չ, պարո՛ն, ոչ, նա մեռած չէ և չի մեռնիլ, քանի որ մենք բոլորովին ջնջված չենք աշխարհի երեսից։ (Մի արհամարհական հայացք ձգելով Հրանտի վրա, երեսը դարձնում է):
ԱՐՏԱՇԵՍ. Արազ, մարդ կարող է միայն այն գործին ծառայել, որին հավատում է, այլապես, նրա ծառայությունն անբարոյականություն է։ Ես ձեր գործին չեմ հավատում։ Երկրորդ, երբ ամբողջ մարմինը վարակվել է, երբեք նրա անդամները առանձին-առանձին չեն բուժվում։
ՀՐԱՆՏ. Այդ մի տարրական միտք է, որ միայն ապուշները չեն հասկանում։
ԱՐԱԶ․ Բայց այնտեղ սովորական հիվանդություն չի տիրում, մանո՛ւկ, այլ ժանտախտ, սով, ավերում, հրդեհ, կոտորած։ Այնտեղ դժոխքն է թագավորում, հասկացի՛ր։
ԱՐՏԱՇԵՍ. Գիտեմ, գիտեմ։
ԱՐԱԶ․ Ո՛չ, չգիտես, Օօ, եթե տեսնեիր այն, ինչ որ ես տեսել եմ իմ աչքով, այն ավերված գյուղերը ամայի ավանները, այրված արտերը, սրբապղծված տաճարները, բռնաբարված աղջիկներին, այն հազարավոր մայրերին իրենց զավակներին ողբալիս, այն կիսակենդան թաղված դիակները, այն ժամանակ չէիր փոխիլ քո հավատամքը։