ԱՆԱՀԻՏ. (Ներսից): Ի՞նչ ես կամենում։
ԱՐՏԱՇԵՍ. Բեր այստեղ այն արկղիկը։ (Ետ է գալիս, վերցնում է սեղանի վրայից գլխարկը): Դեռ Ժամանակ ունիմ։
ԱՆԱՀԻՏ. (Գալիս է խորքի դռներով Ֆլորայի արկղիկը ձեռքին) Ահա։
ԱՐՏԱՇԵՍ. Ես իսկույն կվերադառնամ։ (Վերցնում է արկղիկը և շտապով գնում է):
ՏԵՍԻԼ 6
ԱՆԱՀԻՏ և ԿԱՏԱՐԻՆԵ
ԿԱՏԱՐԻՆԵ. (Գալիս է խորքի դռներից): Ուր գնաց նա։ (Նկատելով ճամփարկղը, որ կիսով չափ լիքն է) Աա, նա արդեն իրեղենը կապել է։ Անաստվածը դուրս քշեց իմ որդուն տնիցս։
ԱՆԱՀԻՏ. Ոչ ոք նրան դուրս չի քշում։ Նա ինքն է գնում իր կամքով։
ԿԱՏԱՐԻՆԵ. Եթե հայրդ հենց առաջին օրից նրա հետ այնպես չվարվեր, այս փորձանքն իմ գլխին չէր գալ։ Տեսնված բա՞ն է, որ հայրը որդուն անվանի դավաճան։
ԱՆԱՀԻՏ. Հայրիկին պետք է շատ բան ներել։ Նա ծեր է և տանջվում է։ Տեսնո՞ւմ ես ինչպես է փոխվել տասն օրվա մեջ։ Գիտես, մայրիկ, երեկ նա գրիչը կոտրեց և դեն ձգեց։ Նա այժմ միայն իրան է անիծում։
ԿԱՏԱՐԻՆԵ. Սուտ ես ասում։ Հենց այս րոպեիս նա օրհնեց ինքն իրան, օրհնելով իր աշակերտին։
ԱՆԱՀԻՏ. Այնպիսի աշակերտին չէր կարելի չօրհնել։ Արազ Արազյանը գնում է իր կյանքը զոհելու իր ժողովրդին։ Նա հերոս է։
ԿԱՏԱՐԻՆԵ. Ահ, ի՜նչպես նրան ճանապարհ դրեց, ինչպես համբուրվեց հետը։ Հարազատ որդի ունենաս և, ուրիշներին օրհնելով, նրան անիծես։ Ահ, Անահիտ, քո հայրը սիրտ չունի։
ԱՆԱՀԻՏ. Մայրիկ, դու այնքան նախապաշարված ես հայրիկի դեմ, որ մոռանում ես Արտաշեսի գնալու իսկական պատճառը։