Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/470

Այս էջը հաստատված է

ԿԱՏԱՐԻՆԵ. Այդ աղջի՜կը, (Կատաղելով): Աա, չորանար այն կնոջ մեջքը, որ ծնել է նրան։ Ինչո՞ւ համար է նա փաթաթվել իմ որդու վզին։ Ո՞վ է նա, ի՞նչ անցյալ ունի։ Ես այս բոլորը պիտի իմանամ այսօր, հերիք է ինչքան լռեցի...

ԱՆԱՀԻՏ. Նա ինձ նեղը գցեց, հարցնելով Ֆլորայի ուշաթափվելու մասին։ Ես պատճառը չկամեցա ասել։ (Անցուդարձ է անում):
ԿԱՏԱՐԻՆԵ. Ես կասեմ։ Նա իմ ձեռքից հեշտ չի ազատվիլ։ Խե՜ղճ Ֆլորա, դո՞ւ ինչ մեղք ունեիր, որ խառնվեցիր մեր քամբախտության։ Այնպիսի ընտանիքի աղջիկ, այնպիսի գեղեցկուհի, սիրտ, խելք, հարստություն․․․ ում է թողել իմ որդին և ումի հետ է կապել իր կյանքը։
ԱՆԱՀԻՏ. (Քայլելով մոտեցել է նախասենյակի դռներին)։ Զգույշ, գալիս է։


ՏԵՍԻԼ 7
ՆՈԻՑՆՔ և ԱՐՏԱՇԵՍ



ԱՐՏԱՇԵՍ. (Գալիս է աջ կողմի դռներից, վրդովված): Դա ստորություն է, անասելի ստորություն։ Ի՞նչ եմ արել ես նրանց։ Գնացի վերջին բարևս տալու Ալվանդյաններին, ծառան կոպիտ կերպով դռները փակեց իմ առջև, ասելով, թե ինձ ընդունել չեն կարող։ Աա, գիտեմ, հիմար չեմ, դա իմ հոր մեքենայությունն է։
ԱՆԱՀԻՏ․ Զսպիր քեզ, ես չեմ կարող հայրիկի մասին այդպիսի խոսքեր լսել։
ԱՐՏԱՇԵՍ. Չես կարող, հեռացիր այստեղից։ Բոլորդ երես դարձրեք ինձնից, մոռացեք, այդ հազար անգամ ավելի լավ կլինի ինձ համար։ Գնա այս րոպեիս Ֆլորայի մոտ և ասա նրան, որ արկղիկն ես հանձնեցի ծառային։ Շտապիր, ես ուզում եմ իմանալ ստացե՞լ է, թե չէ։
ԱՆԱՀԻՏ․ Ինչպես կամենաս։ (Գնում է խորքի դռներով):