Այն աղջիկը, որին արհամարհում եք և անպատվում։ Նոյեմզարն իմ կի՛նը չէ, մայր, մի կին կամ սիրուհի չէր կարող լինել այն, ինչ որ նա է ինձ համար: Նա ավելի է ինձ համար, քան նույնիսկ մի քույր կամ մայր։ Բայց թողնենք, այդ տեսակ հարաբերությունների մասին դուք դեռ գաղափար չունիք...
ԿԱՏԱՐԻՆԵ. Խելքս ոչինչ չի կտրում։ Ի՞նչ գործ ունի նա այստեղ։ Ինչո՞ւ է եկել քեզ հետ և քեզ հետ էլ գնում է։
ԱՐՏԱՇԵՍ. Այդ ինքը գիտե։ (Նայելով ժամացույցին): Մայրի՛կ, ես ուշանում եմ, թող գործս վերջացնեմ։
ԿԱՏԱՐԻՆԵ. Ո՛չ, չեմ թողնիլ: Այն բոլորից հետո, ինչ որ ասացիր, քո գնալն ավելի անհնարին է դառնում: Քեզ երեք անգամ բանտ են նստեցրել, դու եղել ես մահամերձ հիվանդ, և ես չեմ իմացել։ Խնայի՛ր մորդ, մի գնալ այդ անիծված երկիրը։ Մինչև հիմա այնտեղ թոքախտն ու վատ հիվանդություններն էին սպանում մեր զավակներին, այժմ բանտն ու աքսորը։ Մի՛ գնալ։ (Նստում է թուլացած):
ՏԵՍԻԼ 9
ՆՈԻՅՆՔ և դարձյալ ԱՆԱՀԻՏ
ԱՆԱՀԻՏ. (Գալիս է խորքի դռներից` գլխարկով): Ասացի Ֆլորային, նա ստացել է արկղիկը, նա ուզում է քեզ հետ տեսնվել։
ԱՐՏԱՇԵՍ. (Հեգնական ժպիտով): Ուզում է ինձ հետ տեսնվել դռներն իմ առջև փակելո՞վ։
ԱՆԱՀԻՏ. Նա մեղավոր չէ։ Հայրն է հրամայել ծառաներին քեզ չընդունել։ Այս մասին Ֆլորան ահագին վեճ է ունեցել իր հոր հետ։ Այժմ նրանք չեն խոսում միմյանց հետ։ Ֆլորան հագնվում էր, նա իսկույն ինքը կգա այստեղ։ Ես վազեցի, որ քեզ զգուշացնեմ։ (Մոտենալով Կատարինեին): Մայրիկ, ինչո՞ւ ես այդպես ընկճվել։ Դու Արտաշեսին պիտի ուրախ սրտով ճանապարհ դնես։