ՏԵՍԻԼ Բ
ՕԼԳԱ և ՍՈՒԼԻԿՅԱՆ
ՍՈԻԼԻԿՅԱՆ. Շնորհավորում եմ կրկին անգամ և ցանկանում երջանիկ ապագա։
ՕԼԳԱ. Շատ շնորհակալ եմ։ Ձեր գեղեցիկ փունջը ինձ հիացրեց։
ՍՈԻԼԻԿՅԱՆ. Այսօր դուք հագնվել եք իսկական փարիզուհու նման։
ՕԼԳԱ. Գնացե՜ք, դուք իմ ճաշակը ծաղրում եք։
ՍՈԻԼԻԿՅԱՆ. Իսկ դուք ինձ վիրավորում եք իմ անկեղծ կարծիքը այդպես ընդունելով։ (Մեկուսի) Աստվա՜ծ իմ, նրան տեսնելու համար, ստիպված եմ սրան շողոքորթել։
ՕԼԳԱ. Ես հավատում եմ լիովին ձեր ճաշակին, եթե միայն նույն գովասանքը ուրիշների մասին ևս չանեք։ (Մեկուսի) Այսօր բավական քաղցրախոս է և հաճելի։
ՍՈԻԼԻԿՅԱՆ. Ես տալիս եմ կեսարինը կեսարին, աստծունը՝ աստծուն։ (Մեկուսի) Գովել կարող եմ քո հագուստը, բայց քեզ երբեք։
ՕԼԳԱ. Թող այդպես լինի, միայն կարողացեք ճանաչել կեսարին և աստծուն: Շատ անգամ տղամարդիկ սխալվում են չարաչար իրանց ճաշակի վերաբերմամբ։
ՍՈԻԼԻԿՅԱՆ. Հուսով եմ, որ ես մի սխալ չեմ գործել։
ՕԼԳԱ. Ո՞վ գիտե, մարդիկ մահկանացու են։
ՍՈԻԼԻԿՅԱՆ. (Մեկուսի) Ի՞նչ է կամենում ասել։
ՕԼԳԱ. Իսկ տղամարդը երբեմն ապակու կտորը ադամանդի տեղ է ընդունում։
ՍՈԻԼԻԿՅԱՆ. Խոստովանում եմ, օրիո՛րդ, ես չեմ հասկանում ձեր ասածը։
ՕԼԳԱ. Կան բաներ, որոնց մասին պետք է զգույշ լինել։ Բայց թողնենք այդ. ուրեմն դուք կկառավարե՞ք երեկույթը։