Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/482

Այս էջը հաստատված է

անձեր մեկի կասկածելի փրկության համար։ Դա խիստ է, դաժան։

ԱՐՏԱՇԵՍ. Բայց դա սուրբ պարտականություն է։
ՏԻԳՐԱՆ․ Համաձայն եմ։ Սակայն, որքան Իպոլիտին ես պարտական քո կյանքը, նույնչափ և՛ ծնողներիդ։ Մտածե՞լ ես այդ մասին։
ԱՐՏԱՇԵՍ. Ամբողջ գիշեր, դառը տանջանքներով... Լսի՛ր, լսի՛ ր, Տիգրան, կա մի բան, որ դեռ քեզ հայտնի չէ։ Եթե ես լինեմ այնքան երկչոտ և ստոր, որ վճռեմ այսօր ետ կանգնել իմ քայլից, այնուամենայնիվ, ես կորած եմ իմ ծնողների համար։
ՏԻԳՐԱՆ․ (Վախեցած մի քայլ ետ է կանգնում): Ճի՞շտ եմ հասկանում, արդյոք, քո միտքը։
ԱՐՏԱՇԵՍ. (Բռնում է Տիգրանի ձեռը): Սուս, ոչ մի խոսք նրանց։ (Խորհրդավոր ձայնով): Երեկ ստացա առաջին, այսօր երկրորդ սպառնալիքը։ Ես ստիպված եմ գնալ։ (Բաց է թողնում Տիգրանի ձեռը և հեռանում):
ՏԻԳՐԱՆ․ Թշվա՜ռ, այդ ի՜նչ ես արել։
ԱՐՏԱՇԵՍ. Ես խլել եմ ուրիշի վիճակը։ Այդ ավելի պատասխանատու է, քան եթե վիճակն ինձ ընկներ։
ՏԻԳՐԱՆ. (Մռայլ): Այո՛, այո՛, քո դրությունը սոսկալի է։
ԱՐՏԱՇԵՍ. Բավական է, այլևս ոչ մի խոսք այդ մասին։ Գնա, խնդրում եմ և այդ թղթերը թաքցրու։ Րոպե առ րոպե կարելի է սպասել անկոչ հյուրերին։ Երեկ պիտի փախչեի նրանց ձեռքից, չթողեցին. դու գիտես, որ ես շատ մեղքեր ունիմ քավելու համար... Պետք է շուտով փախչիլ։
ՏԻԳՐԱՆ. Ես կերթամ և շուտով կվերադառնամ։ (Արագ քայլերով գնում է դեպի խորքի դռները, այնտեղ հանդիպում է Ալեքսանդր Ալվանդյանին, քաղաքավարի ճանապարհ է տալիս և դուրս գնում):


ՏԵՍԻԼ 4

ԱՐՏԱՇԵՍ, ԱԼԵՔՍԱՆԴՐ և ՍԵՆԵՔԵՐԻՄ


ԱՐՏԱՇԵՍ․ (Ալեքսանդրին տեսնելով, ցնցվում Է անշարժ մնում