Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/486

Այս էջը հաստատված է

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Ալեքսանդր, կարող ես հավատալ նրան։ Նա ամեն բան կորցրել է, բացի ազնվությունից։ Վերջապես, չէ՞ որ այս իմ տունն է։

ԱԼԵՔՍԱՆԴՐ. Շատ լավ, ես համաձայն եմ։ Կգնամ և նրան կուղարկեմ այստեղ։ Սենեքերիմը պատասխանատու է։ Խե՜ղճ մարդ, ինչպես փոխվել ես դու։ (Գնում է խորքի դռներով):

ՏԵՍԻԼ 5

ԱՐՏԱՇԵՍ, ՍԵՆԵՔԵՐԻՄ, ԱՆԱՀԻՏ

(Լռություն):

ԱՐՏԱՇԵՍ. (Նայել է նախ Ալեքսանդրի ետևից, ապա իր հորը՝ թախիծով):
ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Լուռ ճանապարհ է դնում Ալեքսանդրին մինչև դռները և ետ է գալիս): Նա իր աղջկան կուղարկի այստեղ։ Քո արարմունքից հետո դա այնպիսի հավատ է Ալեքսանդրի կողմից դեպի իմ տունը, որ պետք է հարգել ինչպես սրբություն։
ԱՐՏԱՇԵՍ. Այդպես է։
ՍԵՆԵՔԵՐԻՄ. Ես պատասխանատու եղա քո ազնվության մասին, որովհետև ապականված է քո գլուխը և ոչ սիրտը։ Դու կհամոզես այդ աղջկան տեղից չշարժվել։ Ես կկանգնեմ ահա այն դռների ետևում։ (Ցույց է տալիս աջ կողմի առաջին դռները): Եվ կհետևեմ ձեր խոսակցությանը։ Եթե դու չաշխատիս կատարել քո խոստումը, երդվում եմ, որ քեզ կսպանեմ։
ԱՐՏԱՇԵՍ. Լավ, հայրիկ...
ԱՆԱՀԻՏ. (Դուրս է գալիս աջ կողմի առաջին դռներից գլխարկով ձեռին տետրակներ և շտապով անցնում է դեպի խորքի դռները):
ՍԵՆԵՔԵՐԻՄ. Ո՞ւր ես գնում, աղջի։
ԱՆԱՀԻՏ. Դասի, հայրիկ․ ուշացել եմ։ (Շտապով գնում է խորքի դռներով):
ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Դառնությամբ): Լսեցի՞ր։ Տեսա՞ր ինչպես է մաշվել ու սպառվել։ Այդ դասերը նրան կսպանեն։ Նա