Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/49

Այս էջը հաստատված է

ՍՈԻԼԻԿՅԱՆ. Ե՞ս, ինչու՞ ես։

ՕԼԳԱ. Չէ՞ որ դուք խոստացաք իմ մորը։
ՍՈԻԼԻԿՅԱՆ. Ես խոստացա միայն պարերը ղեկավարել։
ՕԼԳԱ. Այդքանի համար էլ շնորհակալ եմ։ Ուրեմն մենք կպարենք միասին։
ՍՈԻԼԻԿՅԱՆ... Ուրախությամբ։ (Մեկուսի) Դարձյալ ուզում է ինձ կաշկանդել։
ԱՆՅՈԻՏԱ. (Միջին դռներից) Օրիո՛րդ, հյուրերը գալիս են, իշխանուհին ձեզ յուր մոտ է խնդրում։
ՕԼԳԱ. Մա՞յրս։
ԱՆՅՈԻՏԱ. Այո։
ՕԼԳԱ. Տվեք ինձ ձեր թևը, պարոն Սուլիկյան։ (Գնում են միջին դռներով):


ՏԵՍԻԼ Գ

ՀԵՂԻՆԵ (միայնակ)


ՀԵՂԻՆԵ. (Աջ դռներից դուրս գալով) Որքա՜ն անտանելի է ուրախ ձևանալ այն ժամանակ, երբ սիրտս կեղեքվում է: Այո՛, ճակատագիրը նրան դատապարտել է հավիտյան մորմոքման։ Հավատալ այդ մարդու երդմանը, աղերսանքին, նրա ջերմ խոստումներին, ո՜հ, այդ մի դառն և աններելի սխալ էր, որ ես գործեցի։ Նա միայն երկու օր կարողացավ զսպել իրան, իսկ հետո նույնը, նույնը: Եվ ո՞վ է այն թշվառը, որին նա հարել է վերջին ժամանակ և այդքան երկար միջոց։ Դա ընդդեմ է այդ մարդու բնությանը։ Ասում են, որ այդ կինը սովորական անարգ արարածներից չէ, որ նա ունի արժանավորություններ։ Ահա այդ է, որ ինձ ավելի տանջում է և տակավին պահում իմ սրտում սիրո խանդը։ Խե՜ղճ եղբայր, դու ինձանից լավ էիր ճանաչում իմ ամուսնուն։ Ամուսին, օ՜օ, այս կոչումը այրում է իմ շրթունքը։ ճիշտ է, որ նա ուզում էր ստանալ իմ կարողության վերջին մնացորդը։ Եվ նա խաբեությամբ կորզեց ինձանից։ Ի՞նչ եմ ես այժմ նրա համար։ Մի ավելորդ բեռ, մի թքված և արհամարհված