Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/490

Այս էջը հաստատված է


ՏԵՍԻԼ 7

ՆՈԻՅՆՔ և ՖԼՈՐԱ


ՖԼՈՐԱ. (Գալիս է խորքի դռներով): Հայրս ինձ ասաց... որ (Տիգրանին տեսնելով, շփոթվում է):
ՏԻԳՐԱՆ. Թույլ տուր ինձ անցնիլ քո սենյակը մի նամակ գրելու։ (Առանձին ցածր ձայնով): Չերկարացնես։ Դու պետք է փախչես իսկույն ևեթ։ (Գնում է ձախ կողմի դռներով):


ՏԵՍԻԼ 8

ԱՐՏԱՇԵՍ և ՖԼՈՐԱ


ԱՐՏԱՇԵՍ. (Թեթև լռությունից հետո): Ֆլորա, ձեր հայրն ասաց, թե դուք ուզում եք հեռանալ այս քաղաքից։ Կարելի՞ է իմանալ, ո՞ւր եք մտադիր գնալու։ (Աթոռ է առաջարկում):
ՖԼՈՐԱ. (Չի նստում): Դրա համա՞ր էիք կամեցել ինձ տեսնել։
ԱՐՏԱՇԵՍ. Այո։
ՖԼՈՐԱ. Չեմ կարող պատասխանել ձեր հարցին։
ԱՐՏԱՇԵՍ. Ֆլորա, դուք երեխա չեք։ Երբ որոշում եք մի այդպիսի լուրջ քայլ անել, պարտավոր եք նախ և առաջ ձեզ հաշիվ տալու՝ ինչո՞ւ համար եք անում։
ՖԼՈՐԱ. Ես գնում եմ բարձրագույն ուսում ստանալու:
ԱՐՏԱՇԵՍ. Ձեր հայրը հավատո՞ւմ է այդ բանին։
ՖԼՈՐԱ. Ոչ։
ԱՐՏԱՇԵՍ. Ֆլորա, այնտեղ, ուր ուզում եք գնալ, դուք դեր չունիք կատարելու։
ՖԼՈՐԱ. (Վշտացած): Ինչո՞ւ մի Նոյեմզար կարող է ունենալ, իսկ ես՝ ոչ։
ԱՐՏԱՇԵՍ. Նոյեմզարն ունի որոշ պատրաստություն, կամքի զորեղ ուժ և բոլոր դժվարություններին դիմանալու համբերություն։
ՖԼՈՐԱ. Իսկ ես ունիմ թշվառներին օգնելու ջերմ փափագ և դրամ։