Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/501

Այս էջը հաստատված է

հավերի պես են մորթոտում մարդկանց։ Անցյալներն էլ Ղուբայի մեյդանում...


ԼԱԶԱՐ. Լա՛վ, քիչ խոսիր... Այս նամակը տար Կալեսնիկովների կառավարչին...

ՋԱՀԱՆԳԻՐ. (Նամակն առնելով): Տարա, Լազը՛ր աղա։

ԼԱԶԱՐ. Հետո, այնտեղից գնա նավահանգիստ և տես մեր նավաստիները հարբա՞ծ են էլի։ Դեհ, շո՛ւտ։

ՋԱՀԱՆԳԻՐ. Գնացի, Լազըր աղա։ (Չի շարժվում տեղից):

ԼԱԶԱՐ. (Խալֆայանին): Ես գործ չունիմ, ազատ եք։ (Ջահանգիրին): Հը՛մ, ի՞նչ էս կանգնել, գնա՛։

ՋԱՀԱՆԳԻՐ. Լազըր աղա, նամակը կտանեմ, նավ գնալն ինձ բաշխիր, չե՛մ կարող։

ԽԱԼՖԱՅԱՆ. Ինչո՞ւ չես կարող։

ՋԱՀԱՆԳԻՐ. Փորձանք է։

ԼԱԶԱՐ. Ի՞նչ փորձանք։

ՋԱՀԱՆԳԻՐ. Որովհետև նավը որ կա — ծովի վրա է։

ԽԱԼՖԱՅԱՆ. Նավը ծովի վրա կլինի, խոմ կտուրի վրա չի լինիլ։

ՋԱՀԱՆԳԻՐ. Ասիլս այն է, որ ծովը հեռու է, օրն էլ մթնում է։

ԼԱԶԱՐ. Հետո՞։

ՋԱՀԱՆԳԻՐ. Հետո, ի՞նչ մեղքս թաքցնեմ, վախենում եմ։ Օրը որ մթնում է, մարմնիս մեջ ջերմ ու տենդի պես մի բան է ընկնում, սկսում եմ սրթսրթալ։

ԼԱԶԱՐ. Ումի՞ցն ես վախենում։

ՋԱՀԱՆԳԻՐ. Հենց ումից ասես վախենում եմ, թուրքից էլ, ռուսից էլ, հայից էլ, ջհուդը խոմ ջհուդ է, նրանցից էլ եմ վախենում։

ԼԱԶԱՐ. Պատճա՞ռը։

ՋԱՀԱՆԳԻՐ. Դե մեր ժամանակներում պատճա՞ռ է մնացել։ Այդ անիրավ անարխիստները բոլոր պատճառները հավաքեցին, կուլ տվեցին։

ԼԱԶԱՐ. Ուզո՞ւմ ես, որ քեզ համար ռևոլվեր առնեմ։

ՋԱՀԱՆԳԻՐ. Էհ, դու էլ բան հրամայեցիր։ Ինչի՞ է պետք ռևոլվերը։ Դեռ ռևոլվեր գցող պետք է լինի՞, թե՞ չէ:

ԽԱԼՖԱՅԱՆ. Կգցես էլի, ինչ կա։