Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/503

Այս էջը հաստատված է

ՀԱՅՐԱՊԵՏ. Չոռ ու ցա՛վ է պատահել: (Վրդովվում է ջութակի ու պիանինոյի ձայնից): Ասա կտրեն այդ զահրումարի ձայնը։ (Նստում է գրասեղանի քով):


ԼԱԶԱՐ. (Մոտենում է աջ կողմի դռներին): Սերժ, Լիզա, Հայրիկը տանն է, դադարեցեք։

(Նվագը բեմի ետևում ընդհատվում է):

ՀԱՅՐԱՊԵՏ. Բան չունին, գործ չունին, օրը մինչև երեկո քույր ու եղբայր զըրը՛նգ հա զըրը՛նգ, զըրը՛նգ հա զրը՛նգ: Շառլատանը եկե՞լ էր այստեղ։

ԼԱԶԱՐ. Ո՛չ, հայրիկ, չի՛ եկել։


ՏԵՍԻԼ 3



ՆՈԻՅՆՔ և ԹԱՄԱՐ



ԹԱՄԱՐ. (Գալիս է աջ կողմի դռներից): Եկա՞ր։ Էլի ի՞նչ ես ձայնդ գլխիդ գցել։

ՀԱՅՐԱՊԵՏ. Ի՞նչ անեմ, չգցեմ, անիծվածն էլի գլխիս փորձանք է բերել։

ԼԱԶԱՐ. Ի՞նչ է արել Սամվելը, հայրիկ։

ԽԱԼՖԱՅԱՆ. Երևի էլի մարդ է ծեծել։

ՀԱՅՐԱՊԵՏ. Երկուսին միասին։

ԹԱՄԱՐ. Ո՞ւմ է ծեծել, ո՞րտեղ։

ՀԱՅՐԱՊԵՏ. Սրանից մի ժամ առաջ երկու չինովնիկ են մտնում եղբորդ մագազինը։ Չգիտեմ ինչ են ուզում գնել, եղբայրդ կոպիտ է վարվում։ Չինովնիկներից մեկը նրան նկատողություն է անում։ Սամվելն էլ նստած է լինում։ Խոսք խոսքի ետևից, միմյանց անպատվում են։ Մեջ է ընկնում մեր փչացած անզգամը և չըրխկ մի ապտակ չինովնիկներից մեկին։

ԼԱԶԱՐ. Պրծա՛նք։ Էլի պիտի կամ կաշառք տանք կամ տուգանք։

ԽԱԼՖԱՅԱՆ. Այդ հինգերորդ անգամն է այս ձմեռ, որ Սամվել Հայրապետովիչը մարդ է ծեծում։

ԹԱՄԱՐ. Հետո՞, հետո՞։

ՀԱՅՐԱՊԵՏ. — Էլ ի՞նչ հետո, ասում են այսպես է խփում անխղճմտանքը, որ մարդը կրունկների վրա պտույտ է գալիս