ԹԱՄԱՐ. Երեք շվաք։
ՋԱՀԱՆԳԻՐ. Ոչ քո ասածը, ոչ նրա ասածը, ոչ նրանը, ոչ նրանը։ Երեք ջանավար։
ԱՄԵՆՔԸ. Ջանավա՞ր։
ՍԵՐԺ. Ասոծ կա, ջանավար։
ՋԱՀԱՆԳԻՐ. Ջանավար եմ ասում, որ ամեն մեկը այս տան չափ։
ԹԱՄԱՐ. Հետո՞, հետո՞:
ՋԱՀԱՆԳԻՐ. Մոտեցան ինձ։ Մոտեցան, ես զենքս ետ տվեցի: Զենքս ետ տվեցի, կանգնեցի։ Կանգնեցի, մեջքս պատին տվեցի։ Ասացի. «Ջահանգիր, հաց-պանիրդ կերար»: Երեսս խաչակնքեցի, մտքումս «հայր մերը» սկսեցի։
ԱՄԵՆՔԸ. Հետո՞, հետո՞։
ՋԱՀԱՆԳԻՐ. Ոտներս տափից կտրվել են, ձեր արևը վկա, մարմինս պատել է սառը քրտինք։ Մահը չէ, այն զահրումարը եկել է, դուզ աչքիս առաջ ցցվել։ Բայց խելքս գլխիս է, ուշքս չեմ կորցնում։
ԹԱՄԱՐ. Դե լա՛վ, կարճ կապիր, վերջն ասա, տեսնենք։
ՋԱՀԱՆԳԻՐ. Հիմի մտածում եմ. եթե առաջ փախչեմ — առաջս կկտրեն, եթե ետ փախչեմ — քամակս կկտրեն։ Ինչ անեմ, տեր աստված։
ԼԱԶԱՐ. Ի՞նչ արիր։
ՀԱՅՐԱՊԵՏ. Ի՞նչ արիր, ադա։
ՋԱՀԱՆԳԻՐ. Ինչ արի՞։
ԱՄԵՆՔԸ. Այո՛, այո՛, ի՞նչ արիր:
ՋԱՀԱՆԳԻՐ. Պպզեցի։ (Պպզում է):
ՀԱՅՐԱՊԵՏ. Պպզեցի՞ր։
ՋԱՀԱՆԳԻՐ. Պպզեցի։
ԽԱԼՖԱՅԱՆ. Պպզեց։
ՍԵՐԺ. Ասոծ կա, պպզեց։ (Պպզում է):
ԹԱՄԱՐ. Վե՞րջը, վե՞րջը։
ՋԱՀԱՆԳԻՐ. Վերկացա։
ԼԻԶԱ. Վերկացավ։
ՋԱՀԱՆԳԻՐ. (Վերկենալով): Վերկացա։
ՍԵՐԺ. Ասոծ կա, վերկացավ։ (Վեր է կենում):
ԹԱՄԱՐ. Հետո՞, հետո՞։