Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/512

Այս էջը հաստատված է

մուկ կուլ տված կատու լինի։ Ի՞նչ ես բեղերդ ցցել բերանիդ անկյուններում սև բզեզների պես։

ՍԵՐԺ. Լիզա, ասոծ կա, կատաղում եմ։
ԼԻԶԱ. Սերժ, մի՛ կատաղիր, տրամադրությունդ կփչանա։
ՍԵՐԺ. ՉԷ, կատաղում եմ։
ԼԻԶԱ. Դե, գնանք երեկույթ, ուշացանք։
ՍԵՐԺ. Բայց երկյուղալի է։
ԹԱՄԱՐ. Այո, երկյուղալի է, որդի, մնացեք տանը։
ՍԵՐԺ․ (Մի սպառնալի հայացք ձգելով Սամվելի վրա, գնում է աջ կողմի դռներով):
ԼԻԶԱ. (Հետևում է Սերժին):


ՏԵՍԻԼ 8
ՆՈՒՅՆՔ առանց ՍԵՐԺԻ և ԼԻԶԱՅԻ


ՍԱՄՎԵԼ. (Արհամարանքով): Ըը՜, վախեցա, ուշքս գնաց։ Պամպուլի։ (Դառնալով Լազարին): Հըմ, ի՞նչ ես քիթ ու պռունգդ ծռմռում ինձ վրա։ Շու՛տ արա, ձեռաց հինգ հարյուր ռուբլի տուր ինձ։
ԼԱԶԱՐ. (Հեգնորեն): Օհո՜։
ՍԱՄՎԵԼ. Այո՛, այո՛, առանց ուշացնելու։ Hyс!
ԼԱԶԱՐ. Ես փող չունիմ, հայրիկից խնդրիր։
ՍԱՄՎԵԼ. Հայրիկ, բաց արա սնդուկդ, տեսնենք ինչ կա այնտեղ։
ՀԱՅՐԱՊԵՏ. Ես քեզ մի կոպեկ էլ չեմ տալ։
ՍԱՄՎԵԼ. Կտաս։
ՀԱՅՐԱՊԵՏ. Ի՞նչիդ է հարկավոր հինգ հարյուր ռուբլին։
ԼԱԶԱՐ. Աղջկերանց վրա ծախսելու համար։
ՍԱՄՎԵԼ. է՜յ, Ղազար-մազար, քիչ խոսիր, թե չէ, աստված վկա, արյունս գլխովս է տալիս։
ԹԱՄԱՐ. Մի՛ չարացնեք երեխայիս։
ՍԱՄՎԵԼ. Հայրիկ, ժամանակ չունիմ, մի՛ ուշացնիր։ Վաղը կանուխ պիտի փոխադրեմ հեռագրով այդ փողերը։
ԼԱԶԱՐ. Ու՞մ պիտի փոխադրես։
ՍԱՄՎԵԼ. Քո բանը չէ։ Հայրիկ, ես սպասում եմ։
ԼԱԶԱՐ. Մենք քո շառլատանության համար փող չունինք։