Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/513

Այս էջը հաստատված է

ՍԱՄՎԵԼ. Մեծապատիվ պարոն, կարծեմ, դու կարդալ գիտես։

ԼԱԶԱՐ. Քեզանից մի քիչ ավելի։
ՍԱՄՎԵԼ. Շատ ավելի։ Դե, համեցեք, կարդա այս նամակները։ (Տալիս է Լազարին մի քանի նամակներ):
ԼԱԶԱՐ. (Արհամարհանքով): Ես գործ չունիմ քո սիրուհիների նամակների հետ։
ՍԱՄՎԵԼ. Չէ, կարդա, կարդա՛, կարելի է մի քիչ ազնվանաս։
ԼԱԶԱՐ. (Վերցնելով մի նամակ, կարդում է): «Սիրելի Սամվել, եթե մինչև ամսույս վերջը չտամ ուսումնավարձս, ինձ համալսարանից դուրս կանեն»։
ՍԱՄՎԵԼ. (Ընդհատելով, նամակը խլում է Լազարից): Բավական է, իմ անցյալը քեզ համար հետաքրքրական չէ։ Այժմ երկրորդը կարդա։ (Տալիս է Լազարին երկրորդ նամակը):
ԼԱԶԱՐ. (Կարդում է): «Անգին Սամվել։ Գարնանը ձմեռվա վերարկուս ծախել եմ, այժմ սառնամանիքը սկսել է, այլևս չեմ կարողանում տնից դուրս գալ ամառային վերարկուով։ Բացի դրանից, հարկավոր են գրքեր, ուսման վարձ և...»։
ՍԱՄՎԵԼ․ (Ընդհատելով): Բավական է։ Մյուս նամակներն էլ հետո կտամ։ (Վերցնում է նամակը Լազարից):
ՀԱՅՐԱՊԵՏ. Գրողնե՞րն ովքեր են, գրողնե՜րը։
ՍԱՄՎԵԼ. (Ցույց տալով Լազարին առաջին նամակի ստորագրությունը)։ Կարդա՛։
ԼԱԶԱՐ. (Կարդալով): «Քո Արշակ Տեր-Մարուքյան»։
ՀԱՅՐԱՊԵՏ. Իմ քրոջ որդին։
ՍԱՄՎԵԼ. (Առնելով առաջին նամակը Լազարից, տալիս է երկրորդը): Կարդա՛։
ԼԱԶԱՐ. (Կարդում է): «Քո Սեդրակ Բարսեղյան»։
ԹԱՄԱՐ․ իմ քրոջ որդին։
ՍԱՄՎԵԼ. (Նամակները դնելով գրպանը): Երկուսն էլ մեր ամենամոտիկ ազգականները։
ՀԱՅՐԱՊԵՏ. Այ անիրավներ, ամսական քսանուհինգ ռուբլի եմ ուղարկում ամեն մեկին։
ՍԱՄՎԵԼ. Ունենալով ամսական տասը հազար ռուբլի եկամուտ։ Է՜Է, ամոթ է, հայր, ամոթ է։ Դե շու՛տ, դուրս բեր հինգ հարյուր ռուբլին, թե չէ ախորժակ չունիմ քեզ հետ