Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/52

Այս էջը հաստատված է

ամուսնու կյանքի մասին—ահա՛ նրա հատկանիշը։ Իսկ այդ մի սոսկալի պատիժ է այն մարդու համար, որ սիրում է ապրել, զվարճանալ և ոչ թե մի նահապետական դերձակի կամ կոշկակարի կյանք վարեր։ Բայց թողնենք այդ։ Այս երեկո ես մտադիր եմ թղթախաղով զբաղեցնել միտքս։ Փոխարինիր ինձ իբրև իմ տան առաջին բարեկամը, ես քեզ լիազոր իրավունք եմ տալիս։ Եղիր իմ կնոջ օգնականը, զբաղվիր և զբաղեցրու․ քեզ եմ հանձնում նրան։

ՍՈԻԼԻԿՅԱՆ. Կաշխատեմ կատարել քո խնդիրը։ (Մեկուսի) Այս անպայման հավատը դեպի ինձ ավելի է կաշկանդում իմ սիրտը։ (Միջին դռներից գալիս է Գարեգինը):
ՄԻՔԱՅԵԼ. Ահա եկավ մի տաղտկալի փիլիսոփա։
ԳԱՐԵԳԻՆ. Պարոն Սուլիկյան, իշխանուհի Մարիա Իսաևնան ձեզ է որոնում։
ՍՈԻԼԻԿՅԱՆ. Գնում եմ։ (Գնում է միջին դռներով):


ՏԵՍԻԼ Զ.

ՄԻՔԱՅԵԼ և ԳԱՐԵԳԻՆ, հետո ՀԵՂԻՆԵ


ՄԻՔԱՅԵԼ. է՜Է, պարո՛ն, դո՞ւք ինչու համար եք տխուր։
ԳԱՐԵԳԻՆ. Իսկ ինչո՞ւ համար պետք է ուրախ լինեի։
ՄԻՔԱՅԵԼ. Իմ տա՞նը։
ԳԱՐԵԳԻՆ. Մանավանդ ձեր տանը։
ՄԻՔԱՅԵԼ. Մանավանդ իմ տանը։ Եթե այդպես է, ո՞վ Էր ձեզ ստիպում գալ այստեղ։
ԳԱՐԵԳԻՆ. Իմ քույրը և նրա դրությունը։
ՄԻՔԱՅԵԼ. Կեցցե՜ք, չլինի՞ թե հնադարյան ասպետի դեր եք ուզում կատարել։
ԳԱՐԵԳԻՆ. Ես ուզում եմ կատարել մի հարազատ եղբոր դեր։
ՄԻՔԱՅԵԼ. Նույնպես և մի բարոյական գաղափարական մարդու պաշտոն, այնպես չէ՞։
ԳԱՐԵԳԻՆ. Այո, եթե կամենաք։
ՄԻՔԱՅԵԼ. Ուրեմն, մեծապատիվ docteur, քննեցե՛ք, հարվածեցե՛ք մեր հասարակական ախտերը։