Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/533

Այս էջը հաստատված է

խոսում են թերությունների մասին, ստվերի տակ թողնելով թեմատիկ և հոգեբանական այն գծերը, որոնք նոր սկիզբ էին դնում հայ թատրոնի և դրամատուրգիայի մեջ։ Գրախոսները շատ սուր էին քննադատում Շիրվանզադեին այն բանի համար, որ նա դրամայի նյութ է դարձրել մի հայտնի ընտանեկան սկանդալ, «Ամենապակասավորը, սակայն, առաջին գործողության մեջ այն է, որ հայտնապես պատմվում է մի քաղաքում տեղի ունեցած մի ընտանեկան ողբերգության իրական դեպքը»,— գրում է «Մշակ»-ի գրախոսը: Այդ մասին շատ ավելի խիստ է խոսում «Մուրճ»-ի գրախոսը, «Այս պիեսան հենց սկզբից վտանգված է նրանով, որ հանդիսատեսը մի վայրկյան չի կարողանում մոռանալ մի խիստ հայտնի ընտանեկան սկանդալ, որի կրկնությունը բառ առա բառ է («Մուրճ», 1903 թ., 10)։ «Մուրճ»-ի գրախոսը ավելի հեռուն է գնում։ Նա փորձում է ամբողջովին ոչնչացնել «Եվգինե»-ն, հեգնում է Շիրվանզադեի ձգտումը՝ հայ թատրոնի և դրամայի ասպարեզում նոր խոսք ասել, ուղիներ որոնել հայ թատրոնի զարգացման համար, «Նրա փորձերի մեջ, տարաբախտաբար, շատ է աչքի ընկնում ստրկական հետևողությունը և նորություն ասելու տակավին չարդարացվաձ տենչը։ Անցյալ տարի խաղացված նրա «Ո՞ւներ իրավունք»-ը այդ էր ապացուցանում, իսկ այս տարի խաղացված «Եվգինե»-ն առաջինից ավելի տանելի լինելով հանդերձ՝ սակայն բոլորովին հակառակը չապացուցեց» («Մուրճ», 1903 թ., № 10, էջ 207)։

Որոշ քննադատներ ձգտում են ապացուցել, թե «Ունե՞ր իրավունք» և «Եվգինե» դրամաների նյութը կապ չունի հայ կյանքի հետ և այլն։ Այս քննադատությունը դառնացրեց հեղինակին, բայց չհուսահատեցրեց, քանի որ պիեսը, ընդհանուր առմամբ, բեմի վրա պահպանեց իր ուժն ու իրավունքը։ «Եվգինե»-ն բոլոր թերություններով հանդերձ (ընտանեկան դրամայի հապճեպ լուծումը, գլխավոր հերոսների անավարտ լինելը՝ հոգեբանական տեսակետից) ուներ և լուրջ արժանիքներ, այնտեղ բավական գունեղ և ռելյեֆ է պատկերված քաղքենի շրջանը՝ իր բնորոշ կերպարներով ու հոգեբանությամբ, դրաման սրությամբ և հաճախ բնական երանգներով խոսք է բացում քաղքենի ընտանիքի արատների և կնոջ ծանր վիճակի մասին և, վերջապես, «Եվգինե»-ն լուրջ քայլ էր կենցաղային հոգեբանական դրամայի ստեղծման ճանապարհին։

«Եվգինե»-ն երկար ժամանակ մնացել է հայ բեմի վրա։ Սովետական շրջանում դրաման բեմադրվեց 1948 թվականին Բաքվի Հայկական թատրոնի կողմից։

Դրաման առաջին անգամ տպագրվել է «Թատրոն» հանդեսում, 1903 թ., № 1։ Նույն թվականին լույս է տեսել առանձին գրքով և հրատարակվել նան չորսհատորյակի չորրորդ հատորում։ Դրաման հետագայում մտել է Շիրվանզադեի երկերի լիակատար ժողովածուների մեջ: