Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/536

Այս էջը հաստատված է

քննադատությանը, մերկացնելով ընտանիքի մասին եղած բուրժուական կեղծ պատկերացումները: Շիրվանգադեն ինքը չէր կարողանում կնոջ ազատագրության հարցը դնել հասարակական-սոցիալական հողի վրա և լուծման մեջ բավարարվում էր սոսկ հոգեբանական բնույթի խնդիրներով ու պահանջներով։

Պետք է նշել, որ Շիրվանզադեն անքննադատ վերաբերմունք չուներ իր պիեսի նկատմամբ: Նա գտնում էր, որ իր դրաման ունի լուրջ թերություններ, որոնց մասին պետք է խոսել լուրջ և անկողմնակալ ձևով։ Այսպես, օրինակ, նա նշում է իր պիեսի թերությունները. «Պետք էր մի քանի տեսարաններ կրճատել, մյուսները ընդարձակել ու փոփոխել, անհրաժեշտ էր բարձրացնել հերոսուհու հոգեկան տանջանքները և ավելի շեշտել նրանց: Բացի դրանից, հարկավոր էր պիեսից արտաքսել սիրային տարրը, որ հիմնական գաղափարիս համար արժեք չուներ»։ Իրոք, հետագայում, տպագրությունից առաջ, նա մշակում է դրաման. այսպես, բեմադրված օրինակի մեջ Ալիմբարյան Ռուրենն ու Աննան քույր ու եղբայր են, Ռուբենը սիրահարվում է Հերսիլեին և, նրանք հեռանում են միասին։ Հեղինակը հարկ է համարել այդ ամբողջը փոխել։ Ռուբենն ու Աննան դառնում են ամուսիններ, իսկ Հերսիլեն տնից հեռանում է առանց որևէ մեկին սիրելու, չհարմարվելով ընտանեկան կյանքի պայմաններին։

Դրաման անհայտ պատճառներով բեմի վրա շատ կարճ կյանք ունեցավ։ Պատճառը թաքցնում է նա՝ Շիրվանզադեն. ««Եվգինե»-ից հետո գրեցի «Ուներ իրավունք»-ը, որը ներկայացվեց միմիայն երեք անգամ, այնուհետև ես արգելեցի նրա ներկայացումը, թե ինչու — պատճառը մասնավոր է, և ես չեմ կարող բացատրել» (Երկերի լիակատար ժողովածու, հատոր 8, էջ 224, 1951 թվական)։

Դրաման առաջին անգամ տպագրվել է «Լումա» ամսագրում (1903, № № 2, 3, 4), այնուհետև լույս է տեսել Երկերի լիակատար ժողովածուներում, տպագրվել է նաև ռուսերեն, երեք հատորյակի երրորդ հատորում (1957 թվական, Մոսկվա)։

ՊԱՏՎԻ ՀԱՄԱՐ

1904 թվականի ամռանը Շիրվանզադեն գրեց իր գլուխգործոցը՝ «Պատվի համար»-ը։ Դրաման առաջին անգամ բեմադրվեց 1904 թվականի դեկտեմբերի 10-ին, Բաքվում։ Անդրադառնալով դրամայի ստեղծագործական պատմությանը, «Կյանքի բովից»-ում Շիրվանզադեն գրել է. «1904 թվականի ամռանը «Կոջոր» ամառանոցում գրեցի «Պատվի համար»-ը։ Այս անգամ որոշեցի պիեսը տանել Բաքու և առաջին անգամ այնտեղ ներկայացնել։ Ես շատ լավ գիտեի, որ եթե Թիֆլիսում ներկայացնեմ, էլի «Մշակ»-ը ինձ հայհոյելու է Լեոի գլխավորությամբ»։

«Պատվի համար»ի բեմադրությունը արտակարգ հաջողություն ունեցավ հանդիսատեսների շրջանում: Գլխավոր դերերը մեծ հաջողությամբ կատարեցին Գ. Պետրոսյանը (Էլիզբարով) և Քնարիկը (Մարգարիա): Շատ շուտով,