1905 թ. հունվարի 3-ին, դրաման բեմադրեց նաև Թբիլիսիի Արտիստական ընկերության թատրոնը։ Գլխավոր դերերում հանդես եկան Հովհ. Աբելյանը (էլիզբարով) և Օ. Մայսուրյանը (Մարգարիտ)։
Բաքվում և Թբիլիսիում դրաման բացառիկ ջերմ ընդունելություն գտավ։ Հանդիսատեսներին գրավում էին մեծ վարպետությամբ գծված տիպերն ու կերպարները, ժամանակի կյանքի հարազատ և խոր պատկերները, դրամատուրգի խոր հումանիզմը և վառ արտահայտված դեմոկրատիզմը։ «Новое обозрение» թերթը, բարձր գնահատելով դրաման, գրում է. «Պիեսի ֆաբուլան վերցված է իրական կյանքից, գործող անձինք այնպիսի մարդիկ են, որոնց մենք հանդիպում ենք ամեն քայլափոխին», «...տիպերը գծված են վառ և կենդանի»։ Համակրական հոդվածներ է տպում նաև «Տարազ»-ը։ Պետք է ասել, այս անգամ «Մշակ»-ի սյուները ջուրը բերանն առան և լռեցին, չտեսնելու տալով դրամայի մեծ հաջողությունը և ազդեցության ուժը հանդիսատեսների շրջանում։ 1906 թ. «Մշակ»-ում լույս են տեսնում երկու հոդված (№ 220, № 281) «Պատվի համար»-ի բեմադրության մասին, նրանցում չկար ոչ մի դրական խոսք՝ բուն դրամայի մասին։
Կարճ ժամանակում դրաման լայն մասսայականություն ձեռք բերեց հայության բոլոր հատվածներում։ Դրաման տպագրվեց 1905 թ, «Լումա»-ի № 1, 2, 3-ում, նույն տարին լույս տեսավ առանձին գրքով։ Այնուհետև բեմադրվում էր ամենուր, հայության բոլոր հատվածներում, քաղաքներում ու գավառներում, հայկական գաղութներում, պրոֆեսիոնալ խմբերի և սիրողների կողմից, մշտապես խոր արձագանք գտնելով հանդիսատեսների շրջանում։ 1908 թ. Աբելյան-Արմենյան խումբը Կ․Պոլսում ներկայացրեց «Պատվի համար»-ը և արժանացավ բացառիկ ջերմ ընդունելության։ Գր․ Զոհրապը գրեց մի հոդված «Պատվի համար»-ի ներկայացման մասին, շատ բարձր գնահատելով դրաման և դերասանների խաղը. «Շիրվանզադեն «Պատվի համար»-ին մեջ ժամանակակից բուրժուազիային բոլոր թիբերը լիաբուռն սփռած է։ Բիեսին կազմվածը իր պարզության մեջ հոյակապ է և հյուսիսի գրականության հորինվածը կհիշեցնե։ Ռուսահայ թատերագիրը շատ բարձր է Օքտավ Միրպոեն, որ սակայն Ֆրանսայի փառքերեն մեկն է. իր տարազը Հանր Պեքի դաժան, բայց անկեղծ նկարագրությունն է, իրական կյանքի դրվաԳներեն վերցված»։
Բայց լիբերալ մամուլը, որին բնավ դուր չէր գալիս Շիրվանզադեի քննադատական վերաբերմունքը բուրժուական իրականության նկատմամբ, հանգիստ չմնաց։ Գր. Զոհրապի և մյուսների հոդվածները Շիրվանզադեի դրամաների և, հատկապես «Պատվի համար»-ի, մասին կրկին խառնեց «Մշակ»-ի մաղձը. 1909 թ, «Մշակ»-ը (№ 5) իր խմբագրականում «հոսհոսական մամուլ» պիտակը փակցրեց արևմտահայ մամուլին, որը համարձակվել էր գրվատական խոսք ասել Շիրվանզադեի դրամաների և դերասանների մասին։ Նրանք առանց քաշվելու Գր․ Զոհրապի հոդվածի մեջ տեսնում էին «անհամեստ գովասանքներ», «անգիտակից շռայլումներ», «սնապարծություն» և այլն։
Բայց «Պատվի համար»-ը շարունակում էր իշխել հայկական բեմի վրա։