Հեղինակի համակրանքը կործանվածի՝ Արտաշեսի և «նրա սուրբ գաղափարների» նկատմամբ: Ահա թե ինչու ցենզուրան, փոխարքայի կարգադրությամբ, արգելեց դրամայի բեմադրությունը։
Տպագրական գործերի Թբիլիսիի կոմիտեն 1907 թ. նոյեմբերի 16-ին դիմում է Կովկասի փոխարքա Վորոնցով Դաշկովին հետևյայ գրությամբ. «Սույնի հետ ներկայացնելով պիեսի ձեռագիրը, համառոտ բովանդակության հետ, զեկուցում ենք Ձեր պայծառափայլությանը, որ պիեսի տեքստում մեծ տեղ և ուշադրություն է հատկացված կոմունիզմի և անարխիզմի քարոզներին, և որ կոմիտեի եզրակացությամբ, հրապարակային ներկայացման միջոցով այդպիսի ուսմունքներ տարածել հայ հասարակության մեջ ցանկալի չէ»։ Կոմիտեն միջնորդում է փոխարքայի առաջ՝ արգելել «Կործանվածը»-ի բեմադրությունը Անդրկովկասում։ Փոխարքան հրամայում է արգելել դրամայի բեմադրությունը։ «Կործանվածը» սրերով դիմավորեցին նաև դաշնակցականները։ Դաշնակցության լիդերներից Ռ.Ղարբինյանը «Ազատամարտ»-ի էջերից, 1909 թ., լուտանքներ էր թափում Շիրվանզադեի հասցեին, որը փորձել է ցույց տալ դաշնակ նացիոնալիստների հեռավորությունը սոցիալիզմի ուսմունքից։ Առհասարակ, մինչև «Կործանվածը»-ի գրելն էլ, Շիրվանզադեն 1906 թ. Ղ. Աղայանին գրած մի նամակում մերկացնում է դաշնակցության այդ կեղծիքը։ «Այդ կուսակցությունը և նրա ղեկավարները հոգով ու արյունով ազգայիններ (националисты) են և կաշվից դուրս են գալիս ապացուցելու, թե սոցիալիստ հեղափոխականներ են։ Ահա կեղծիքը և ահա պատճառը կործանման։ Կարծես կարող է գտնվել մի հիմար, որ դատարկ ֆրազներին հավատալով, հավատա թե, որ կարող է սոցիալական մի հաստատություն լինել, որի պարագլուխները (բացի մի քանիսից) պլուտոկրատ բաքվեցի ինժեներներն են, կամ Էջմիածնի տիրացուները, որոնցից մեկը դեռ երեկ չէ մեկէլ օրը տերտեր էր ուզում ձեռնադրվիլ» (Երկերի լիակատար ժողովածու, հ. 9, 517, 1955 թ.)։
Բայց դրաման ունի գաղափարական-գեղարվեստական լուրջ թերություններ։ Ամենից առաջ գրողը լավ չի ճանաչում ռևոլյուցիոներների կյանքն ու ամբողջ խորությամբ չի ուսումնասիրել նրանց քաղաքական պայքարին բովանդակությունը, որի պատճառով էլ թույլ է տվել կոպիտ սխալներ։ Այսպես, օրինակ, դրամայում իրար են խառնված անարխիստներն ու սոցիալիստները, անհայտ են մնում նրանց կոնկրետ ծրագրերն ու նպատակները։ Եվ, վերջապես, այն միտքը, թե սոցիալիստները ազգություն չեն ընդունում՝ պատմական կոպիտ սխալ է։
ՇԱՌԼԱՏԱՆԸ
Այս կոմեդիան գրվել է 1907 թվին Փարիզում։ Շիրվանզադեն իր նոր ստեղծագործությունը նվիրել է հայ նշանավոր դերասան Գրիգոր Ավետյանին։ Առաջին անգամ բեմադրվել է 1911 թ. մայիսի 30-ին, Հավլաբարի