ՀԵՂԻՆԵ. Մերժում եմ ձեր խնդիրը։
ՄԻՔԱՅԵԼ. Աղաչում եմ։
ՀԵՂԻՆԵ. Իզուր է իզուր։ Բավական է, որքան ամոթ կրեցի նրա մոտ։
ՄԻՔԱՅԵԼ. Ուրեմն մերժո՞ւմ եք։
ՀԵՂԵՆԵ. Դրականապե՛ս։
ՄԻՔԱՅԵԼ. Հեղինե՛, վախեցիր իմ հուսահատությունից։
ՀԵՂԻՆԵ. Ինձ համար վախենլու ոչինչ չի մնացել։
ՄԻՔԱՅԵԼ. Սպասիր, անա՛րգ մարդու ծնունդ, ես քեզ ցույց կտամ։ (Գնում է միջին դռներով):
ՀԵՂԻՆԵ. (Մենակ) Սպառնալի՞ք. այլևս ի՞նչ փույթ։ Մեռան, մեռան իմ մեջ իմ հույսերը, որովհետև դու ջախջախեցիր իմ սիրտը։ Իսկ ես, տարաբախտս, դեռ կարծում եմ, թե նորից կարելի է կենդանություն տալ նրան և նորից ապրել վարդագույն ցնորքներով։ Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ խավարեցրել ես իմ միտքը, ինչո՛ւ չես լուսավորում նրան մի վայրկյան, ինչո՞ւ մի միջոց չես ցույց տալիս ինձ այս անելանելի դրությունից դուրս գալու համար։ Ինչո՞ւ, գոնե, չեմ կարողանում նրան ատել։ (Լսվում է երաժշտություն) Խե՜ղճ ու ողորմելի կյանք․ այնտեղ զվարճանում են, իսկ այստեղ ահա իմ վիճակը, ահա իմ դրությունը։ Գոնե կարողանայի ատել նրան։ (Ներս է մտնում Սուլիկյանը):
ՍՈՒԼԻԿՅԱՆ. Իշխանուհի, ուր դուք, այնտեղ և ես, այդ ձեր ամուսնու ցանկությունն է։
ՀԵՂԻՆԵ. Իմ ամուսնո՞ւ (Երաժշտությունը դադարում է, լսվում է ջութակի, դաշնամուրի և երգելու ձայն):
ՍՈՒԼԻԿՅԱՆ. Այո, նա ինձ կրկին անգամ խնդրեց տանտիրոջ պարտականությունը կատարել և ձեզ զբաղեցնել։
ՀԵՂԻՆԵ. (Մեկուսի) Մի՞թե նա կամենում է ինձ փորձել։ (Բարձր) Կատարեցեք, ուրեմն, ձեր բարեկամի և ընկերոջ խնդիրը։