Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/60

Այս էջը հաստատված է

ՍՈՒԼԻԿՅԱՆ․ Մենք կպարենք մի փոքր, առայժմ այնտեղ երգում է Օլգայի մի ընկերուհին։

ՀԵՂԻՆԵ․ Ուրեմն մենք ևս կարող ենք լսել։ (Ուզում է գնալ
ՍՈՒԼԻԿՅԱՆ․ Իշխանուհի՛։
ՀԵՂԻՆԵ․ (Կանգ է առնում) Ի՞նչ եք կամենում։
ՍՈՒԼԻԿՅԱՆ․ Մի՛ վարվեք ինձ հետ այդպես, ես ձեզ խնդրում եմ հատկապես։
ՀԵՂԻՆԵ․ Ինչպե՞ս կկամենայիք, որ վարվեմ։ Կարծեմ , պարո՛ն Սուլիկյան, երբեք մի ամենաչնչին անքաղաքավարություն չեմ թույլ տվել ձեր վերաբերմամբ։ Ասացեք, ի՞նչ են նշանակում ձեր խոսքերը։
ՍՈՒԼԻԿՅԱՆ․ Իմ խոսքե՞րը, ոչինչ, ներեցեք, իշխանուհի՛, անգիտակցաբար արտասանեցի։ (Մեկուսի) Ես շփոթվում եմ, չգիտեմ—ինչ խոսեմ։
ՀԵՂԻՆԵ․ Փույթ չէ, այդ կարող է պատահել։ Դուք, ինչպես երևում է, շատ պարելուց հոգնել եք։ Հանգստացեք մի փոքր, դուք մինչև անգամ գունատված եք։ (Ուզում է գնալ):
ՍՈՒԼԻԿՅԱՆ. Ե՞ս, ոչ, հանգիստ եմ, բայց իշխանուհի՛, մի՛ շտապեք գնալու։ (Նայում է խորհրդավոր):
ՀԵՂԻՆԵ. (Դիտելով նրան ոտից մինչև գլուխ, մեկուսի) Ես չեմ սխալվում, սիրտս վաղուց էր զգում, պետք է, ուրեմն, վաղօրոք սառցնել այդ կայծը նրա մեջ։ (Բարձր) Պարո՛ն Սուլիկյան, ասացեք, ճշմարի՞տ է, որ դուք իմ ամուսնու մտերիմ ու անկեղծ ընկերն եք։
ՍՈՒԼԻԿՅԱՆ․ Այո, ճշմարիտ է։
ՀԵՂԻՆԵ․ Ուրեմն, հավատարիմ մնացեք ձեր ընկերական սուրբ պարտականությանը, դուք վատ մարդ չեք։
ՍՈՒԼԻԿՅԱՆ․ (Մեկուսի) Նա արդեն հասկացել է, արիացի՛ր, եթե մարդ ես։ (Բարձր) Իշխանուհի՛, ես հավատարիմ եմ։ Բայց կա մի ուրիշ զգացում, որ ավելի բարձր է, քան ընկերականը։ Թույլ կտա՛ք շարունակել։
ՀԵՂԻՆԵ․ Երբեք, առանց խոսքերի էլ միտքը բավական պարզ է ինձ համար։ Կարծեմ լռելը ավելի խոհեմություն է։
ՍՈՒԼԻԿՅԱՆ. Սակայն ես չեմ կարող լռել, ես այլևս ուժ չունեմ։ Օօ՜, մի՛ այդպես վատ նայեք ինձ վրա, ես