ՍՈՒԼԻԿՅԱՆ. Գնա՛նք, օրիո՛րդ: (Առաջարկում է թեյ):
ՕԼԳԱ. Ոչ. դուք գնացեք, ես այստեղ եմ ուզում մնալ։
ՍՈՒԼԻԿՅԱՆ. (Մեկուսի) Անիծյա՜լ, ի՜նչ սատանայական հայացք ունի: (Գնում է միջին դռներով):
ՕԼԳԱ. (Միայնակ) Աա՜, բռնեցի ձեզ, օձե՛ր։ Այժմ, գեղեցի՛կ իշխանուհի, դու իմ ձեռքումս ես։ Դու առանձնացած շշնջո՞ւմ ես նրա հետ։ Օօ՜, կատաղությունից շունչ առնել չեմ կարող... սատանա՛ կին, անպիտա՛ն Սուլիկյան։ (Գալիս է միջին դռներից Մարիամը):
ՄԱՐԻԱՄ. Օլգա՛, ժամանակ է, ես հրավիրեցի հյուրերին ընթրիքի նստել։ Գնա՛ դահլիճ։ Ես ուզում եմ այստեղ մի փոքր հանգստանալ։ Դու բարկացա՞ծ ես։
ՕԼԳԱ․ Ոչ թե բարկացած, այլ կատաղած եմ։
ՄԱՐԻԱՄ. Ինչո՞ւ։
ՕԼԳԱ. Հետո, հետո կիմանաս։ (Գնում է դահլիճ):
ՄԱՐԻԱՄ. (Միայնակ) Հասկանում եմ, Սուլիկյանը անխիղճ է և անամոթ։ (Աջ դռներից գալիս է Միքայելը):
ՄԻՔԱՅԵԼ. Մամա՛, ես բոլորովին ձանձրացա, ընթրիքը պետք է շուտ վերջացնել։
ՄԱՐԻԱՄ. Իսկ ես շվարված եմ։
ՄԻՔԱՅԵԼ․ Պատճա՞ռը։
ՄԱՐԻԱՄ. Պատճառը, որ կինդ Սուլիկյանին գցել է իր հետևից, մի րոպե չի թողնում Օլգայի հետ։
ՄԻՔԱՅԵԼ. Ես ինքս եմ խնդրել նրան, որ տանտիրոջ պաշտոն կատարի։
ՄԱՐԻԱՄ. Բայց նրանք չափից անցնում են. թշնամիները կարող են բամբասել։
ՄԻՔԱՅԵԼ. Թող խոսեն, ինչ որ ուզում են։
ՄԱՐԻԱՄ. Ի՞նչ, դու ընտանիքիդ պատվի մասին չե՞ս մտածում։
ՄԻՔԱՅԵԼ. Ի՞նչ ընտանիք, դա դժոխք է ինձ համար, դժոխք... (Գնում է միջին դռներով):