Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/63

Այս էջը հաստատված է

ՄԱՐԻԱՄ. Դժբախտություն, անպատճառ մի դժբախտություն պետք է պատահի:

ՕԼԳԱ. (Միջին դռներից գալով) Մամա՛, շտապի՛ր, հյուրերից շատերը գնում են:
ՄԱՐԻԱՄ. Օ՜հ, աստվա՜ծ, չգիտեմ, ո՞ր մեկի մասին մտածեմ։ (Գնում է միջին դռներով):
ՕԼԳԱ. (Մեկուսի) Հազիվ կարողանում եմ ինձ զսպել, որ այս մատներովս չխեղդեմ այն կնոջ սպիտակ կոկորդը: (Գնում է մոր հետևից):

ՏԵՍԻԼ ԺԷ.


ՀՅՈՒՐԵՐ (աջ և միջին դռներից գալիս են կանայք և տղամարդիկ և միմյանց հանդիպում)


ՏՂԱՄԱՐԴ. Ինչո՞ւ դուք սեղան չնստեցիք։
ԿԻՆ. Իսկ ինչու դո՞ւք չնստեցիք։
ՏՂԱՄԱՐԴ. Իմ ստամոքսը խանգարված է։
ԿԻՆ. Ինչպես և Սուլիկյանի սիրտը։
ՏՂԱՄԱՐԴ. Ի՞նչ եք ուզում ասել։
ԿԻՆ. Շատ բան։
ԵՐԿՐՈՐԴ ՏՂԱՄԱՐԴ. (Մոտենալով առաջին տղամարդին) Ես հարբած եմ, գնանք։
ԱՌԱՋԻՆ ՏՂԱՄԱՐԴ. Ե՞րբ խմեցիր, որ հարբես։
ԵՐԿՐՈՐԴ ՏՂԱՄԱՐԴ. Մյուս սենյակում ես իմ բանը տեսա, շարտրյոզ, բենեդիկտին, աբրիկոտին խառնեցի միմյանց։ Օօ՜, գլուխս պտտում է, հա՛յդա, բարե՛կամ, թե չէ բանս բուրդ է։
ԱՌԱՋԻՆ ՏՂԱՄԱՐԴ. (Կնոջը) Ցտեսություն։
ԿԻՆ. Ցտեսություն։ (Հյուրերը գնում են): Հարբել գիտեն, իսկ կանանց հետ սիրով վարվել — երբեք։ (Գնում է․ սենյակը դատարկվում է․ դահլիճից լսվում է երաժշտության ձայն: Աջ դռներից գալիս է Գարեգինը):