Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/66

Այս էջը հաստատված է

ՏԵՍԻԼ ԻԱ․


ՆՐԱՆՔ, առանց ՕԼԳԱՅԻ


ՄԻՔԱՅԵԼ․ Պարոն, մտադիր եք այսուհետև ինձ ամեն անգամ վիրավորե՞լ։
ԳԱՐԵԳԻՆ. Թույլ տվեք կանայք գնան հանգստանալու մենք կարողեք առանձին խոսել։
ՄԻՔԱՅԵԼ. (Բարկացած) Ես ձեզանից պատասխան եմ պահանջում։
ՄԱՐԻԱՄ. Միքայե՛լ․․․
ՄԻՔԱՅԵԼ. Թողե՛ք, մա՛յր ես բավական համբերեցի։ Երեք շաբաթ է այս պատանին ինձ շարունակ վիրավորում է։ Իսկ այս երեկո չափից անցավ։ Նա ինձ նախատեց իմ սեփական տանը։ Լսեցե՛ք, պարո՛ն, ես բնավ մտադիր չեմ իմ գլխին ձեզ նման վերահսկողներ ունենալ։ Ամուսնանալով ձեր քրոջ հետ, ես գործեցի մի աններելի սխալ, այո, չպիտի ամուսնանայի։ Բայց անցյալը վերադարձնել չի կարելի։ Այժմ նա իմ կինն է, ես նրա մարդը, իսկ դուք երրորդ անձնավորություն եք։ Ուրեմն առաջարկում եմ, պարո՛ն, վերջին անգամ, կամ զսպեցեք ձեզ, կամ բարեհաճեցեք ձեր մոր հետ դադարել իմ տուն այցելելուց։
ՀԵՂԻՆԵ. (Մեկուսի) Ահա մի հարված ևս, նա վռնդում է իմ եղբորը և մորը, իսկ ես դեռ կարողանում եմ տանել այս նախատինքը։ Սի՛րտ իմ, հղացրու քո մեջ մի խորին ատելություն դեպի այդ մարդը։
ԳԱՐԵԳԻՆ․ Իշխա՛ն, ես ընդունում եմ ձեր առաջարկությունը։ Լսեցի՞ր, Հեղինե՛, ուրեմն մնացիր բարև իմ դժբախտ քույր, բայց ես քեզ անպաշտպան չեմ թողնի։ (Ուզում է գնալ):
ՀԵՂԻՆԵ․ Ո՛չ, ես չեմ թողնի, որ դու այդպես անկարգված գնաս իմ տնից։ Նա հուզված է, նա ինքը չգիտե ինչ ասաց, նա քեզանից ներողություն կխնդրի։
ՄԻՔԱՅԵԼ․ Ներողությո՞ւն, մի հանդուգն պատանո՞ւց, երբե՛ք։
ՀԵՂԻՆԵ․ Ո՛չ. այդ արդեն չափից դուրս է, այդ արդեն անկարելի է. անպատվել իմ եղբորը, և նրա համար, որ նա