սիրում է ի՞նձ, յուր քրո՞ջը։ Վերջին անգամ աղերսում եմ, Միքայե՛լ, խնայի՜ր ինձ։
ՄԻՔԱՅԵԼ. Վերջին անգամ եմ ասում, Հեղինե՛, որ ես կատակ չեմ անում, և եթե այդպես կշարունակեք, կդիմեմ ավելի կոպիտ միջոցների: (Զանգակը խփում է, Սիմոնը զալիս է): Այս տղին ճանապարհ դիր։
ՀԵՂԻՆԵ. (Կանգնելով մեջտեղը ծառայի և Գարեգինի, որ հազիվ զսպում է յուր կատաղությունը. ծաոան հետ է քաշվում և մինչև տեսարանի վերջը մնում է բեմի վրա): Աա՜, ուրեմն, դու երդվել ես այս գիշեր ինձ վերջին հարվա՞ծը տալ։ Եթե այդպես է, իմ եղբայրը այս տնից առանց ինձ ոտ չի դնի: Այո, ես կազատեմ քեզ քո անտանելի լծից, որովհետև ինձ ոտնատակ անելուց, իմ ամուսնական կապը պղծելուց, իմ վերջին հույսս խորտակելուց հետո, ես ավելորդ եմ քեզ համար։ Գարեգի՛ն, տուր քո ազնիվ թևը տարաբախտ քրոջդ։ Հեռացրու նրան այդ դժոխային կյանքից, տար նրան դեպի երջանիկ մահ։
ԳԱՐԵԳԻՆ. Արիացի՛ր, քո՛ւյր, դու անբախտ չես մնա։
ՄԻՔԱՅԵԼ. Հա՛, հա՛, հա՛, գեղեցիկ զույգ, առաքինության օրինակելի տիպարներ։ Ես ձեզ խաբեցի, տիկի՛ն, ես ձեզ դավաճանեցի, այնպես չէ՞։ Իսկ ի՞նչ անուն տամ, պարկե՛շտ ամուսին, ձեր այս գիշերվա վարմունքին իմ ընկերոջ հետ։
ՀԵՂԻՆԵ. Աստվա՜ծ իմ, ի՞նչ եք ուզում ասել։
ՄԻՔԱՅԵԼ. Այն, որ դուք ավելի ոտնատակ արիք իմ անունը և այն էլ իմ սեփական տանը։ Բոլոր հյուրերը զգացին այդ, բոլորը այդ մասին էին շշնջում, և այսուհետև Սուլիկյանի անունը ձեր անվան հետ պետք է հիշվի փողոցներում։
ՀԵՂԻՆԵ. Ե՞ս, Սուլիկյա՞նը։
ՄԱՐԻԱՄ. Ի՞նչ եմ լսում, ի՞նչ անպատվություն։
ՄԻՔԱՅԵԼ. Այո՛, դուք և Սուլիկյանը։
ԳԱՐԵԳԻՆ. Հետ վերցրեք ձեր զրպարտությունը, ապա թե ոչ ես պատասխանատու չեմ ինձ համար: