Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/73

Այս էջը հաստատված է

չեմ գա այսուհետև, որովհետև ես ճշմարտախոս մարդ եմ, խոսքը ճակատին կասեմ։

ԳԱՐԵԳԻՆ. Կարող եք այցելել մեզ, բայց մի՛ վրդովեք ամեն օր իմ մոր և քրոջ հանգստությունը ձեր շար լուրերով: Թողեք այդ վատ պաշտոնը, ապա թե ոչ խնդրեմ ձեռք վերցնեք այս տնից։
ԶԱՐԲԱԲՅԱՆ. Քույրի՛կ, լսո՞ւմ եք, նա ինձ վռնդում է այս տնից, ինձ, ձեր եղբորը, ձեր անկեղծ բարեկամին, ուրեմն երեկվա շիշը ոչի՞նչ։
ԳԱՐԵԳԻՆ. Ես ատում եմ մի ծույլ, անգործ, բայց առողջ տղամարդի, որը բամբասանքով է պարապում։ Եթե փողի համար եք գալիս, ընդունեցեք ինձանից մի թոշակ, բայց մի՛ պղտորեք մեր կյանքը։
ՀՈՌՈՄ. Որդի, ի՞նչ կոշտ ես խոսում, ամոթ չէ՞, նա մեզ սիրում է։
ԶԱՐԲԱԲՅԱՆ. Օրհնյալ լինեք, բարեկա՛մ, օրհնյալ լինի ձեր հայրն էլ։ Հանգուցյալը խելոք մարդ էր, ես խոսքը ճակատին կասեմ, ուրիշներին կողոպտեց, որբերի կտակը քանդեց, չորս տարի Մեթեխում նստեց, որ ձեզ համար հարստություն թողնի։ Գնում եմ, մի՛ վախենաք, ձեր հացը ինձ հարկավոր չի, ես խոսքը ճակատին կասեմ... (Գնում է հետ-հետ):


ՏԵՍԻԼ Դ.



ՆՐԱՆՔ, աոանց ԶԱՐԲԱԲՅԱՆԻ



ԳԱՐԵԳԻՆ. (Մեկուսի) Աստվա՜ծ իմ, սա էլ է անարգում հանգուցյալին, հա՛յր իմ, այս ի՜նչ հիշատակ թողիր։
ՀՈՌՈՄ. Ա՜խ, որդի՛, շատ վատ բան արիր։
ԳԱՐԵԳԻՆ. Ուրիշ կերպ վարվել չի կարելի այդպիսիների հետ։ Բայց թողնենք այդ. Հեղինեն զարթնե՞լ է։
ՀՈՌՈՄ. Դեռ ոչ։ Ո՞րտեղ էիր գնացել այդպես վաղ։
ԳԱՐԵԳԻՆ. Մի հմուտ բարեկամի մոտ Հեղինեի դրության մասին խորհրդակցելու։ Գործը քանի գնում վատանում է։ Հաշտվել, իհարկե, չի կարելի։ Այդ ո՛չ Հեղինեն է