կամենում, ո՛չ ես, ո՛չ էլ, հուսով եմ, դու կկամենաս, մայրի՛կ։
ՀՈՌՈՄ. Ե՞ս, ինչո՞ւ, ուրիշ էլ ի՞նչ միջոց կա մարդկանց բերանը կապելու համար։
ԳԱՐԵԳԻՆ. Ամեն միջոց ներելի է Հեղինեի համար, բացի Բեգմուրյանների տունը ոտ դնելուց։ Այդ վճռված է Հեղինեի ազատ կամքով։ Մնում է երեխայի հարցը — ահա գործի դժվար կողմը։ Երեխային մեզ չեն տալիս ո՛չ հայրը և ո՛չ մեծ մայրը: Նրանք մինչև անգամ վճռել են այսուհետև մի քանի օրով էլ չուղարկել իր մոր մոտ։ Օրենքի օգնության դիմել չի կարելի, որովհետև օրենքը հոր կողմն է, քանի որ նա հանձն չի առնում յուր հանցանքը։ Իսկ Հեղինեն առանց զավակի չի կարող ապրել։ Ուղիղն ասած, ես արդեն վախենում եմ նրա մասին։ Միշտ սենյակում փակված, միշտ ուղեղը լարված մի ծանր մտքով, նա վերջ ի վերջո կարող է հոգեկան հիվանդություն ստանալ։
ՀՈՌՈՄ. Ուրեմն մնում է, որ էլի մի կերպ հաշտվի մարդու հետ։ Իմ հույսս այդ է, որդի՛, եթե չլինի, ես կգժվեմ, չեմ կարող դիմանալ հասարակության բամբասանքին։
ԳԱՐԵԳԻՆ. Լռի՛ր, մայրի՛կ, այդ մասին ո՛չ մի խոսք։ Ես հույս ունեմ, որ Հեղինեն կարհամարհի իր մասին տարածված կեղտոտ լուրերը, պետք է միայն ժամանակ տալ նրան։ Լսիր, ես մի բան եմ վճռել. դու պետք է օգնես ինձ։
ՀՈՌՈՄ. Ի՞նչ բանում, ասա։
ԳԱՐԵԳԻՆ. Հեղինեն պետք է ճանապարհորդի. այդ ամենալավ միջոցն է նրա միտքը զբաղեցնելու համար։ Մնում է միայն նրան համոզել։ Ահա իմ խնդիրը, մայրի՛կ, հենց որ նա զարթնի, հայտնիր նրան այս միտքը, միայն քո կողմից ասա՛, որ դու այդպես ես ցանկանում։ Նա քեզ շատ է սիրում, եթե դու համոզես և խնդրես, քեզ չի մերժի։
ՀՈՌՈՄ. Աղջկաս սիրտը մխիթարելու համար ամեն բանի պատրաստ եմ։ Լավ, կասեմ։ Ահա նրա հազի ձայնն է, կարծեմ զարթնեց... (Գնում է դեպի աջ):