Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/79

Այս էջը հաստատված է

ենթարկվել։ Ասում են նա այժմ այնպիսի դրության մեջ է, որ ամեն բան պատրաստ է անել։ Ա՜խ, Գարեգի՛ն, ես ասացի քեզ, որ կարող եմ մոռանալ իմ անցյալ և ներկա վշտերը, անքուն գիշերները, իմ սրտի դժոխային տանջանքը, բոլորը, բոլորը, նույնիսկ արհամարհել ինձ վրա բարդված զրպարտությունները։ Բայց մի բանի չեմ կարող դիմանալ—քո և մանավանդ իմ ծերունի մոր տառապանքին։

ԳԱՐԵԳԻՆ․ Դարձյալ հուզվեցի՞ր, բայց ներիր, մեղավորը ես էի, որ անզգուշությամբ շոշափեցի քո սրտի թարմ վերքը։ Հանգստացիր այժմ, այդ հուզմունքը կարող է վնասել քեզ։
ՀԵՂԻՆԵ․ Ոչինչ, անցավ, և շուտով կանցնի ամեն բան։ Ո՞ւր է մայրիկը, նա ինձ ուզում էր մի բան ասել, խանգարեցին։ Խե՜ղճ կին, նա ինձ առաջարկում է ճանապարհորդել։
ԳԱՐԵԳԻՆ․ Գեղեցիկ առաջարկություն, հիանալի միտք։ Ի՞նչ կասես, Հեղինե՛, լավ չի՞ լինի, եթե իրագործենք։ Համաձայն ես, այնպես չէ՞, ասա՛։ Բայց դու երեսդ դարձնում ես, մի՞թե մայրիկի աոաջարկությունը չես հավանում։
ՀԵՂԻՆԵ․ Մայրիկի՞։ Ոչ, Գարեգին, այդ քո գաղափարն է, ես իսկույն հասկացա։ Բայց միևնույնն է, ինձ համար երկուսիդ ցանկությունն էլ հավասար թանկ է, միայն չեմ կարող կատարել նրանք։
ԳԱՐԵԳԻՆ․ Ինչո՞ւ։
ՀԵՂԻՆԵ․ Որովհետև ավելորդ է, եթե ճանապարհորդությունը ինձ համար է։ Առանց այդ էլ ես շուտով կհանդարտվեմ և կդառնամ նույն զվարթ և անհոգ Հեղինեն, ինչ որ էի օրիորդ ժամանակս։ Նայի՛ր, ահավասիկ, ես այժմ իսկ զվարթ եմ, միայն երբեմն տխրում եմ մի քանի րոպե, այդ էլ շուտով կանցնի, անպատճառ կանցնի։
ԳԱՐԵԳԻՆ․ (Մեկուսի) Ազնիվ, բայց իզուր խաբեություն։ (Հեղինեին) Հավատում ենք քո ասածին, Հեղինե՛, բայց մի՞թե ճանապարհորդությունը կարող է խանգարել քեզ։ Ոչ, ընդհակառակը, դու ավելի կկազդուրվես և ավելի